Արդեն բոլորիս համար պարզ է, որ Կառավարությունը կանաչ լույս է տվել այդ ծրագրին և դրա համար էլ Ամուլսարում հիմա ակցիաներ են տեղի ունենում։ «Լիդիան Արմենիային» և մնացյալ ուժերին թույլ է տրվել հարձակվել տեղի բնակչության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչների վրա, որոնք տարիներ շարունակ պայքարել են Ամուլսարը պաշտպանելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Նախկին Կառավարության օրոք հանգուցալուծումը ակնհայտ էր, իրենք ասում էին՝ պետք է աշխատի։ Երբ Կառավարությունը փոխվեց, հանրությունը, որը պայքարում էր Ամուլսարի համար, մտածում էր, որ ինչ-որ բան պետք է փոխվի, բայց ինչպես տեսաք, և՛ վարչապետի այցը, և՛ փորձաքննությունը, և՛ Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը արդեն ցույց է տալիս, որ այս մարդիկ պատրաստ են շահագործելու հանքավայրը և պատրաստ են ամեն ինչի»,- ընդգծեց բնապահպանը։

Տիկին Ադամյանի պնդմամբ՝ այս խառնաշփոթը ստեղծվել է նրա համար, որ հանքավայրն աշխատի։

«Սա միայն բնապահպանական խնդիր չէ, այստեղ քաղաքական լծակներ կան։ Այն ընկերությունը, որի բաժնետերերը բրիտանացիներ, կանադացիներ են, հիմա էլ թուրքեր են հայտնաբերվել։ Նրանք անպայման ուզում են այս տարածքը գրավել և քաղաքական ազդեցություն ունենալ այս տարածքում, դա ակնհայտ էր դեռ նախկին իշխանությունների օրոք»,- նշեց Սիլվա Ադամյանը։

Բնապահպանի դիտարկմամբ՝ Ամուլսարը որպես հանք շահագործել ցանկացող ընկերությունը լուրջ կապեր ուներ թե՛ նախորդ իշխանության, թե՛ այս իշխանության հետ։

«Լռությունը ինչի՞ց է գալիս, չէ՞ որ այնտեղ ժողովուրդ կա, մեր բնապահպաններն են այնտեղ պայքարում, այնպիսի մարդիկ են այնտեղ գնացել, որոնք իր (խմբ․ նկատի ունի վարչապետին) հետ հեղափոխության ժամանակ քայլել են։ Այդ մարդիկ մինչև վերջին խազը հավատում էին, որ այդ մարդը չի շահագործելու, չնայած նրան, որ երբ վերլուծում եմ իրավիճակը, հասկանում եմ, որ այս մարդն անպայման ուզում է շահագործել, այդպես չի կարող լինել, որ ինքը գա ու չշահագործի, որովհետև այդտեղ քաղաքական ամբիցիաներ, կապեր կան, բայց մեր ակտիվիստները դա չէին ուզում տեսնել, իրենք ասում էին՝ ոչինչ, մենք այստեղ կնստենք, «Լիդիանն» է մեղավոր, վարչապետը տեղյակ չի, հետո պարզվեց, որ փորձաքննություն պետք է անեն, մեզ նախկին նախարարն ասաց, որ դուք տեղի փորձագետներ եք, այդ գիտելիքը չունեք, բացի դրանից կողմնակալ ենք»,- նշեց Սիլվա Ադամյանը՝ հարց տալով, թե միջազգային կազմակերպության՝ «Էլարդի» փորձաքննությունն ի՞նչ էր։

«Լիդիանի» բոլոր փաստաթղթերը դրել էին, վերլուծել, հո չէին գնացել տեղում փորձաքննություն արել։ Այդտեղ մարդիկ գրել էին, որ ռիսկեր կան, նույնիսկ անգլերենից հայերեն չէին նորմալ թարգմանել, թարս ու շիտակ»,-նկատեց նա։

Այնուամենայնիվ, Սիլվա Ադամյանը վստահ է՝ Ամուլսարի պահպանման համար մարդիկ մինչև վերջ պայքարելու են։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում 2018թ. հուլիսի 20-ին քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի՝ հող, օդ, ջուր, բուսական և կենդանական աշխարհ, դրանց վրա վնասակար ազդեցության ռիսկերի, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածության, ինչպես նաև ներկայացված շրջակա միջավայրի ազդեցության, բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների անկախ փորձագիտական գնահատման նպատակով 2019թ. փետրվարի 21-ին Քննչական կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից «Էլարդ» ընկերությանը հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար։ Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը «Էլարդ» ընկերությունը ներկայացրել է 2019թ․-ի հուլիսի 22-ին։ Քննչական կոմիտեի մեկնաբանության համաձայն՝ փորձաքննությունը ցույց է տվել, որ Ջերմուկի ջրերի վրա հնարավոր աղտոտվածության հավանականությունը չափազանց քիչ է, և հանքը կարող է շահագործվել։ «Էլարդի» փորձաքննության արդյունքները տարբեր կերպ էին մեկնաբանվել։ Անգամ այդ փորձաքննությունից հետո, Կառավարությունը չհստակեցրեց՝ Ամուլսարը որպես հանք շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ։