«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին այսօր առանց պատճառաբանության բերման են  ենթարկել ոստիկանության Քանաքեռ Զեյթուն բաժին եւ քիչ առաջ նրան ազատ են արձակել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ազատության մեջ ենք։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար։ Ապօրինի ձերբակալության հարցի վերաբերյալ վարչական վարույթի ընթացքում հայտնելու ենք մեր հիմնավորված դիրքորոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում բողոքարկելու ենք վերադասության կամ դատական կարգով»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

NEWS.am-ի հետ զրույցում Գարեգին Միսկարյանն ասաց, որ իրեն եւ ընկերոջը ապօրինի են բերման ենթարկել. «Պաշտոնապես ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար բերման ենթարկեցին, իսկ իրականում իրենք խնդրել են, որ ես լքեմ «հավաքի տեղը», բայց չսպասելով, որ ես կատարեմ իրենց պահանջը, բերման ենթարկվեցին»:

Ավելի վաղ նա գրել էր, որ իրեն եւ ընկերոջը բերման են ենթարկել առանց որեւէ պատճառբանության Հանրապետության հրապարակից. «Նարեկի հետ Հանրապետության հրապարակում զբոսնում էինք, ոստիկանները մոտեցան, առանց հիմնավորման բերման ենթարկեցին։ Հիմա Գազելով գնում ենք բաժին»:

Այնուհետեւ հայտնել էր,որ Ոստիկանության Քանաքեռ Զեյթուն բաժնում է. «Հիմա ոստիկանության Քանաքեռ Զեյթուն բաժնում եմ։ Բերման են ենթարկել բացարձակապես ապօրինի կերպով։ Մի կողմից էս փաստը ու բաժնում որոշ ոստիկանների ամբարտավան պահվածքը, խոսում է ոստիկանական համակարգում փոփոխությունների ծայրահեղ անհրաժեշտությունից, մյուս կողմից էլ ոստիկաններից ոմանք էնքան հոգատար ու բարյացկամ են, որ մտածում ես` ավելի լավ չէ միանաս իրենց ու պայքարես Ամուլսարի պահպանության համար, քան թե աջակցես Նիկոլին, որ «ռեֆորմ» անի»։