Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում «Հայինկասացիա» ՓԲ Ընկերության լուծարման հետ կապված տեղեկությունների շարունակական հրապարակման հանգամանքը, Ընկերության լուծարային հանձնաժողովը դրանց առնչությամբ ստորև ներկայացնում է հետևյալ պարզաբանումները։

««Հայինկասացիա» ՓԲ Ընկերության լուծարման գործընթացն ընթանում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խստիվ պահպանմամբ: Լուծարման արդյունքում Ընկերության գործունեությունը դադարելու է, ուստի բոլոր այն պնդումները, որ Ընկերության լուծարումը նպատակ է հետապնդում այն վաճառել որևէ անձի՝ չեն կարող համապատասխանել իրականությանը: Ավելին, Ընկերության լուծարման գործընթացում իրականացվելու է ընկերության գույքի վաճառք՝ հրապարակային սակարկություններ՝ մասնագիտացված կազմակերպության կողմից աճուրդի կազմակերպման միջոցով, ինչին մասնակցությունը որևէ անձի համար սահմանափակված չէ:

Առանց որևէ փաստաթղթային հիմնավորման մամուլում հայտարություններ են տարածվում առ այն, որ «Հայինկասացիա» ՓԲ Ընկերությունը աշխատավարձի գծով մեծ պարտքեր է կուտակել և որ նշվածը կոծկելու նպատակով ներկայումս ոչնչացվում են բոլոր ապացույցները:

Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ցանկացած անձի հիմնավորված պահանջ, առանց որևէ բացառության, հատուցվելու է ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից: Միևնույն ժամանակ, հորդորում ենք, հատկապես փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձանց, զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով իրականությանը չհամապատասխանող, անհիմն և անձանց պատիվն արատավորող զրպարտչական բնույթի տեղեկությունների հրապարակումից:

«Հայինկասացիա» ՓԲ Ընկերության աշխատողների կողմից կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարելու շուրջ մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ հայտնում ենք, որ Ընկերության որոշ աշխատակիցներ դիմել են Ընկերության լուծարային հանձնաժողովին՝ կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված գումարների վճարման պահանջով, սակայն պահանջը որևէ կերպ չի եղել հիմնավորված: Լուծարային հանձնաժողովը գրությամբ խնդրել է վերջիններին ներկայացնել համապատասխան հիմնավորումներ՝ ներկայացված պահանջը բովանդակային քննության ենթարկելու համար: Առ այսօր, վերջիններիս կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել: Եթե պահանջի քննության ընթացքում պարզվի, որ առկա է ՀՀ օրենսդրությամբ որևէ աշխատակցին հասանելի, սակայն չվճարված գումար, ապա նման պահանջը անխտիր կբավարարվի լուծարային հանձնաժողովի կողմից:

Միևնույն ժամանակ, եթե քննության ընթացքում պարզվի, որ հրապարակված պնդումներն ու ներկայացված պահանջներն անհիմն են, ապա լուծարային հանձնաժողովը ողջամտորեն կարող է ակնկալել հրապարակային հերքում՝ վերջիններիս կողմից նախկինում հրապարակված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների մասով»,– ասվում է հաղորդագրությունում։