Իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսվել են այն պահից, երբ քաղաքական իշխանությունը՝ օրենսդիրը և գործադիրը, որոշեց, որ դատական իշխանության նկատմամբ պետք է ոտնձգություն իրականացվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Նշենք, որ հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Օրեր անց հաղորդումն ուղարկվել էր ՀՔԾ նյութեր նախապատրաստելու համար։ Սակայն, ՀՔԾ-ն մերժել է ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել։

Արսեն Բաբայանը հիշեցնում է, որ ի սկզբանե քրեական գործեր հարուցվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, հետո նրա մերձավորների նկատմամբ, ապա խուզարկություններ իրականացվեցին Հրայր Թովմասյանի հայրական տանը, ընտանիքի անդամներին հրավիրեցին ԱԱԾ, ինչպես նաև իր նկատմամբ։

«Այդ համակարգում ընգրկված բոլոր իրավապահ մարմինները ակտիվ լծված էին այն գործին, որպեսզի վերջնական արդյունքում մի խումբ անձանց կողմից կարողանան ուզուրպացնել ՍԴ-ն և այնտեղ ունենալ մեծամասնություն, որպեսզի հետագա քաղաքական կամ ոչ քաղաքական գործողությունները իրականացնեն։ Հայաստանում գրեթե բոլոր պետական մարմինները սկսել են իրականացնել ՍԴ-ի լիազորություններ, օրինակ՝ ՀՔԾ-ն կարծում է, որ ՍԴ-ի փոխարեն կարող է մեկնաբանություն տալ, կամ որոշել, թե որ գործողություններ են ճիշտ»,- ընդգծեց նա։

Մինչդեռ Արսեն Բաբայանը հիշեցնում է, որ համաձայն Սահմանադրության՝ պետական մարմինները կարող են իրականացնել միայն անպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։

«ՀՔԾ քննիչի որոշման մեջ արձանագրվում է, որ ԱԺ-ն օրենքով սահմանված լիազորություն չուներ, այսինքն՝ չկա օրենքով նախատեսված, եթե մեծամասնությունը չի քվեարկում ՍԴ ուղարկելու որոշմանը կողմ, ապա ԱԺ-ն ի՞նչ պետք է անի։ Այստեղ հիշելով Սահմանադրության կարգավորումը, ակնհայտ է դառնում, որ Ազգային ժողովը ոչինչ չպետք է անի, որովհետև լիազորություն չունի, որ որևէ բան անի։ Այնուամենայնիվ, ՀՔԾ-ն վերլուծելով այս ամենը, իրեն դնելով ՍԴ-ի տեղը, կարծում է, որ ԱԺ-ն ճիշտ է արել»,- նշեց նա։

Կուսակցությունները պատրաստվում են բողոք ներկայացնել Գլխավոր դատախազություն։ Արսեն Բաբայանը շեշտեց, որ այնպես չէ, թե հույս ունի, որ դատախազությունը պետք է բավարարի այս բողոքը, ինչպես սկզբում չէր էլ մտածում, որ «ՀՔԾ-ն այդքան դուխ կունենա և քրեական գործ կհարուցի»։