Ամուլսարի տարածքից այսօր՝ օգոստոսի 7-ին, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղադրված վագոն-տնակները վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեցին։

Նշենք, որ հատուկջոկատայինները պատ են կազմել պահնորդական ծառայության անդամների առջեւ եւ թույլ չեն տալիս նրանց առաջ գնալ։

Առավոտից այստեղ են նաեւ Ամուլսարի պահապանները, որոնք նույնպես հետեւում են գործընթացին։

Հիշեցնենք, որ ըստ չափագրումների որոշվել էր՝ վագոն-տնակը տեղադրված տարածքից հեռացնել մոտ 10 մետր, սակայն պարզվեց, որ 10 մետր հեռացնելու դեպքում վագոն-տնակը հայտնվելու է բարձրավոլտ լեկտրալարերի տակ, որն օրենքով չի թույլատրվում։ Լրագրողների հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնել էր, որ վագոն-տնակը տեղափոխելու են «Լիդիան» ընկերության սեփականություն հանդիսացող տարածք, թե քանի մետրով կհեռացվի տարածքից՝ քաղաքապետը դժվարացել է պատասխանել։

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, վաղը կգան համապատասխան մասնագետներ եւ կտեղափոխեն համապատասխան տարածք։ 

Դրանից հետո Լիդիան Արմենիա ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ Ջերմուկի քաղաքապետի հայտարարությունը, թե իրենք համաձայնել են տեղափոխել վագոն-տնակները իրականությանը չեն համապատասխանում, եւ իրենք միջև այդ հարցում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Բացի դրանից, ընկերությունը նշում էր, որ վագոն-տնակները գտնվում են իրենց օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում։ 

Երեք օր բողոքի ակցիաներ էին ընթանում, ցուցարարները կրկին փակել էին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Նրանք երեք պահանջ են ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը: