Ամուլսարի տարածքից այսօր՝ օգոստոսի 7-ին, Ամուլսարի պահապանների վագոն-տնակը վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխեցին։

Նշենք, որ քիչ առաջ Ամուլսարի ճամփեզրից հանվել և «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականություն հանդիսացող տարածք էին տեղափոխվել նաև ընկերության վագոն-տնակները։

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շինթույլտվություն չունի այդ տարածքի ահամր, չնայած վարձակալումէ  այն։ Այնուամենայնիվ, դրանից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ վագոն-տնակները գտնվում են իրենց օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում, և որ Ջերմուկի քաղաքապետի հայտարարությունը, թե իրենց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վագոն-տնակները տեղափոխել, իրականությանը չեն համապատասխանում։

Հիշեցնենք, որ մինչև այդ երեք օր բողոքի ակցիաներ էին ընթանում, ցուցարարները կրկին փակել էին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Նրանք երեք պահանջ էին ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խումբը դուրս բերել Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում ստանալ՝ Ամուլսարի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել էր իրենցը: