ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում՝ շեշտելով կազմակերպության կողմից չեզոք միջնորդի դերը եւ հումանիտար շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեության կարեւորությունը:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին հանդիպման համար եւ ներկայացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթ նպատակները՝ մասնավորապես անդրադառնալով հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում իշխանություններին սատարմանը:

Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԿԽՄԿ պատվիրակությունն այսուհետ եւս ակտիվորեն կշարունակի աշխատանքների իրականացումն Արցախում՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Այդ համատեքստում, ըստ Արթուր Թովմասյանի, պետական կառույցների աջակցությունը եւ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ անհրաժեշտ եւ կարեւոր է Արցախի ժողովրդի համար: