Երրորդ նախագահի գրասենյակը տարածել է տեսանյութ, որտեղ Սերժ Սարգսյանը պատասխանում է մի շարք հարցերի, իսկ այս ձեւաչափով է զրույցը սկսել, քանի որ խոստացել էր, որ հենց ավարտվի արտակարգ դրությունը, կհրավիրի մամուլի ասուլիս և անկեղծորեն կպատասխանի ապրիլյան քառօրյայի մասին բոլոր հարցերին:

Նախագահը պարզաբանել է, թե ինչու չի հրավիրում խոստացած ասուլիսը:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց նաեւ  միանշանակ է,  որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու, անհնար է հասնել լավ ապագայի: Մամուլի ասուլիսն ուժի մեջ է, պարզապես որոշել է այս ձեւաչափով եւ ինչ-որ չափով կատարել խոստումը և պատասխանել վերջին երկու տարիներին ավելի հաճախ հնչող հարցերին: Սերժ Սարգսյանը սեղմ խոսել է նաեւ անելիքների մասին։

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» շարքի առաջին մասում երրորդ նախագահը պարզաբանել է, թե ինչու էր  լռում մինչև ապրիլյան պատերազմի շուրջ խորհրդարանական լսումները: Սերժ Սարգսյանն ասել է, թե լռություն էր պահպանում, քանի որ ստեղծված մթնոլորտում հանրությունը պատրաստ չէր լսել պարզ ճշմարտություններ։

Իսկ Ապրիլյան պատերազմի մասին ճշմարտությունը հետեւյալն է․ մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց: Սերժ Սարգսյանը նաեւ պարզաբանել է, թե ինչու է համաձայնել մասնակցել ապրիլյան խատերազմի հանձնաժողովի նիստին:

Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից, ամփոփել է Հայաստանի երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը շեշտել է՝  Ապրիլյան պատերազմում հաղթել է հայկական կողմը։

Շատ է շահարկվել 800 հեկտար կորցնելու թեման: Նախ, ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հետկար է և ոչ թե 800, բացի այդ, Սերժ Սարգսյանի խոսքով՝ պատերազմից հետո իր ասածն այն էր, որ հակառակորդը կարողացել է 800 000 հեկտար անվտանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտար, այսինքն՝ 0, 1 տոկոսը: Իսկ ինչո՞ւ   Զինված ուժերին հրաման չի տվել հետ վերցնել անվտանգության գոտու այդ հատվածը:

Լիբանանն ուշքի չի գալիս Բեյրութի օգոստոսի 4-ի պայթյունից, հումանիտար աղետն է՛լ ավելի է խորանում։ Զոհվածների թիվը հասել է  149-ի, 5 հազարից ավելի մարդ վիրավոր է, որոնց ոչ բոլորին են հասցնում պատշաճ բուժօգնություն ցուցաբերել ոչ միայն նրանց մեծ թվի, այլեւ  ենթակառուցվածքների քարուքանդ լինելու պատճառով։ 300 հազար մարդ անօթեւան է մնացել, մյուսները չունեն դուռ ու լուսամուտ։ Երկրում հակակառավարական ընդվզումներ են սկսվել։ Պայթյունի գործով ձերբակալվել են նավահանգստի տնօրենն ու նրա ենթականերից 16 պաշտոնյա: Հիշեցնեմ, որ հայ համայնքից զոհվածների թիվը հասել 13-ի, 250 մարդ վիրավոր է, կորուստների թիվը կարող է մեծանալ, քանի որ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ եւ անհետ կորածներ։ 

Հայաստանից Լիբանան պետական աջակցության հարցով կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը վարչապետ Փաշինյանն ասել է, որ ծրագրված է երեք ինքնաթիռի թռիչք, երեքն էլ հումանիտար աջակցություն է՝ դեղորայք եւ սնունդ։

Լիբանան են այցելելու գործադիր եւ օրենսդիր մարմինների, «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու, հանդիպումների արդյունքում աջակցության ուղղությունները հստակեցնելու համար։

Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ գրել է՝ մտքերով ու աղոթքներով եղբայրական Բեյրութի հետ ենք, եւ հրապարկել տեսանյութ, որում երեւում է, որ քաղաքապետարանի շենքը լուսավորված է Լիբանանի եւ Բեյրութի խորհրդանիշերով:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, երեկ Ամուլսարում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եւ խոստացել, որ առավոտյան կգան մասնագետներ եւ կտեղափոխեն այն։ Ցուցարարները վիճել են քաղաքապետի հետ, թե 7 մետրով հեռացնելը բավարար չէ, Հովհաննիսյանն էլ  խնդրել է բացել Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքել է իր վագոն-տնակի տեղափոխման մասին պայմանավորվածության գոյությունը։ Վագոն-տնակներն ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում են, որտեղ իրավասու է կատարել ցանկացած գործողություն: «Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ թեմայով»,-նշված է հայտարարությունում: Այսօր վագոն-տնակի տեղորոշում է արվել, տեղական իշխանության պնդմամբ՝ այն սխալ վայրում է դրված, վերամբարձ կտունկ է բերվել եւ վագոն-տնակ եւ մյուս վագոնները տեղափոխվել են։

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է «Բարգավաճ Հայաստան», «ՀՅԴ» և «Հայրենիք» կուսակցությունների՝ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Սահմանադրական դատարանի լիազորությունները զավթելու հիմքով քրեական գործ հարուցելու դիմումը։  Քննիչն, ըստ Արծվիկ Մինասյանի՝ ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք սուբյեկտիվ են, նա խեղաթյուրել է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը չի իրականացրել պատշաճ ուսումնասիրություն եւ այլն։ Կուսակցությունների եռյակը կարող էր բողոքարկել դատարան կամ դատախազություն, ընտրել է վերջինը։

Հայաստանում, ըստ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանի՝ գրեթե բոլոր պետական մարմինները սկսել են իրականացնել Սահմանադրական դատարանի լիազորությունները։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ անդրադառնալով կորոնավաիրուսի հազար մահերին, հայտարարել է, թե վարակը շատ երկրների է վնասել, բայց Հայաստանում կատարվածը խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով։ Նրա խոսքով՝ «դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնվելով մարդկանց գլխին սարքել չէ, այլ ժողովրդին պաշտպանելու համար դուխով որոշումներ կայացնելը։ Մեղադրել քաղաքացուն, որ հիվանդացել է, որ չի ստացել բուժում, որ մահացել է՝ ցինիզմ է պետական մակարդակով, գրել է Վանեցյանը։

Իսկ մահերի թիվն այդ ընթացքում հասել է 1005-ի։ Անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 39985-ի, ապաքինվածներինը՝  32008-ի։

«Նորք» Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ, տեղեկացրել, որ հանդիպել է առողջապահության նախարարի հետ եւ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում:

Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել անձնակազմին հատկապես այն ահռելի աշխատանքի համար, որը նրանք կատարել են COVID 19 համավարակի շրջանում։

Հիշեցնենք, որ մամուլն արդեն գրել էր, որ Արսեն Թորոսյանը պաշտոնանկ է անելու Դավիդյանցին եւ նշանակելու է սորոսական, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։

«Մեկ Հայաստան» կուսակցությունը Վարչական դատարանում կվիճարկի բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքների իրավաչափությունը, տեղեկացրել է կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Ըստ նրա՝ բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի ցուցաբերած ինքնիրավչության։

Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը`«Ալրաղացի Լյովիկը», Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան: Նրան արտահանձնել են ռուսաստանցի իրավապահները։ Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային  հարձակում պատվիրելու մեջ։

Քննչական կոմիտեում պարզվել են 58-ամյա տղամարդու կողմից քրոջ՝ առանձին դաժանությամբ սպանության մանրամասները: Օգոստոսի 1-ի ցերեկը դատաբժշկի նախկին սանիտարը գաղտագողի մտել է քրոջ ննջասենյակ, որտեղ 68-ամյա կինը զբաղված է եղել համակարգչով, ապա սկսել  լարով խեղդել քրոջը, տեսնելով, որ քույրը դեռ շարժվում է՝ տղամարդը կողքի  սենյակից բերել է 35 սմ երկարությամբ սրված երկաթը եւ սկսել է կոկորդի հատվածից կտրել քրոջ պարանոցը՝ առանձնակի դաժանությամբ սպանելով նրան: Այնուհետեւ գլուխը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, վերցրել քրոջ առանձնատան սեփականության վկայականն ու այլ փաստաթղթեր եւ հեռացել է տնից, սակայն, ինչպես հայտնի է, չի հասցրել հեռու գնալ

Այս տարին անտանելի բարդ էր ինձ համար, Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի, դիմելով հայ հանրությանը գրել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը՝ հաստատելով նոր ընկերուհի ունենալու մասին շշուկները: «Այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչ եմ զգացել նրան կորցնելուց հետո: Հիմա հրեշտակներն ինձ տվել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն»,- գրել է Արոնյանը եւ բոլորին մաղթել սեր եւ առողջություն:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով ու կազմել  485.00 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է  2.20 դրամով ու կազմել է 573.17 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է  4.31դրամով ու կազմել  634.96 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել 6.58 դրամ:

Հանրապետության տարածքում օգոստոսի  8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, օգոստոսի 11-12-ը նույնքան կնվազի: Երեւանում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 19 + 21, վաղը ցերեկը + 33 + 35 աստիճան: