Հնդկաստանի Կոժիկոդ քաղաքում (Կերալա նահանգ) Air India Express ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այդ մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը։

Ստացված տվյալների համաձայն՝ փրկարարական գործողություններն ավարտվել են, բոլոր տուժածները դուրս են բերվել ինքնաթիռից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

News 18 հեռուստաալիքը հաղորդել է 123 տուժածի մասին։

Flightradar24 պորտալի տեղեկություններով՝ կոշտ վայրէջք կատարած Boeing-737-ը ուղեւորվում էր Դուբայից Կոշիկոդ։ Airfleets պորտալի տվյալներով՝ ինքնաթիռը 13 տարեկան էր։

Հայտնի է դարձել, որ չվերթն իրականացվում էր համավարակի ժամանակ արտերկրից Հնդկաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ծրագրի շրջանակում։ Ինքնաթիռի վայրէջքն իրականացվում էր հորդառատ անձրեւի ժամանակ։

Air India Express-ը Air India հնդկական պետական ավիափոխադրողի լոուքոսթեր դուստր ընկերությունն է։