Վայոց Ձորի մարզի Արենու շուկայում  համավարակից հետո աշխուժություն է տիրում: Ճիշտ է` նախորդ տարիների նման առեւտուրը չի եռում, սակայն եղած առեւտրից էլ գոհ են իրենց բերքն ու բարիքը շուկայում վաճառող գյուղացիները:

«21 տարի է՝ աշխատում եմ այս շուկայում։ Այս տարի իրավիճակը շատ վատ էր, սպասում էինք գարնանը, որ պետք է առեւտուր լինի, բայց այնպես ստացվեց, որ մարտի 16-ից մոտ 2 ամիս մնացինք տանը։ Դրանից հետո, որ եկանք աշխատանքի, մարդիկ վախենում էին կեր ձեռքից որեւէ բան վերցնել, մանավանդ այն դեպքում, որ մեր գյուղը՝ Արենին կարանտինի մեջ էր 10 օր։ Ասում էին՝ արենցիք վիրուսակիր են, վարակիչ են։ Մի կերպ մեր խոսելով, վերաբերմունքով կարողացանք հաղթահարել այդ պայմանները եւ սկսվեց մի ուրիշ առեւտի շրջանը, այսինքն այն շրջանը, որ հայերը սիրում են գնալ ծով, հանգստանալ, բայց  հանգստացան մեզ մոտ, սկսեցին ճանաչել տեսարժան վայրերը։ Այն գումարը, որ պիտի գնար դուրս, մնաց մեզ մոտ, առեւտուրը մի քիչ աշխուժացավ։ Անցած տարի այս ժամանակ շատ ուժեղ առեւտուր էր լինում. տուրիստական առեւտուրն ուրիշ է, մերն ուրիշ։ Տուրիստին հյուրասիրում ես, ամեն ձեւով սռեւտուր է անում, ոչ մի բան աչքին չի գալիս։ Հարմարվել ենք իրավիճակին, միայն դիմակներին չենք հարմարվում»,- ասաց շուկայի առեւտրականներից Ռիմա Կարապետյանը։

Շուկայում երկար տարիներ առեւտրող զբաղվող Օվսաննա Բաղդասարյանն էլ ասաց, որ  այս տարի ներքին շուկայում են գները բարձրացել:

«Դեղձերը այս տարի լավ են վաճառվում, բերքն էլ է քիչ անցյալ տարվա համեմատ։ Ներքին շուկայի գինը բարձրացել է հիմա անցյալ տարվա համենատ 150 դրամով բարձրացել է։ 30-35 տարի է՝ այս շուկայում վաճառում եմ սեփական արտադրանքը։ Մենք սպասում էինք, որ վաճառք չի լինի, որովհետև սկզբնական շրջանում բոլորը խուսափում էին, բայց հիմա լավ է, չենք բողոքում։ Տուրիստների պակասը զգում ենք, առանց նրանց 50 տոկոսով պակասել է առեւտուրը, եթե ապրանքը դուրս չգար, ներքին շուկայում այդքանը չէր սպառվի»,- հավելեց նա։