Շաբաթ օրը Բեյրութում ցուցարարները գրավել են Լիբանանի ԱԳ եւ էկոնոմիկայի նախարարությունների շենքերը: Այս մասին հաղորդել է Al Jadeed հեռուստաալիքը:

Բացի այդ, Al-Hadath-ը հայտնում է, որ ցուցարարները գրոհում են շրջակա միջավայրի նախարարության շենքը: Ավելի վաղ նրանք այրել էին հանրապետության նախագահ Միշել Աունի դիմանկարը եւ ԱԳՆ շենքը իրենց գլխավոր գրասենյակ էին հայտարարել։

Նաեւ, ըստ Al Jadeed-ի տվյալների, շարժմանը աջակցող նախկին զինվորականները գրավել են Աշրաֆիա թաղամասում գտնվող դատարկ հին առանձնատունը, որը վնասվել է Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ակտիվիստները պատշգամբներից կարմիր պաստառներ են կախել: Դրանցից մեկի վրա գրված է․ «Բեյրութը հեղափոխության մայրաքաղաք է», մյուսի վրա՝ «Բեյրութը առանց զենքի քաղաք է»: Այգու հինավուրց սանդուղքի դիմաց գտնվող ցուցարարները վանկարկում են հակակառավարական կարգախոսներ եւ ծածանում են ազգային դրոշներ, խորհրդարանի դիմաց հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները չեն միջամտում իրադարձություններին, սակայն փորձում են համոզել ակտիվիստներին հեռանալ գրավված առանձնատնից: Միեւնույն ժամանակ հաղորդագրություն է ստացվել Լիբանանի մայրաքաղաքի արեւմտյան Համրա առեւտրային փողոցի տարածքում էկոնոմիկայի նախարարության շենքի գրավման մասին:

Շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է հատուկջոկատայինների եւ ցուցարարների միջեւ մարտադաշտի: Ընդդիմադիր «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը կոչ է արել փողոցային զանգվածային ցույցեր իրականացնել: Ըստ Լիբանանի Կարմիր խաչի ընկերության՝ Բեյրութի կենտրոնում իրավապահների հետ բախումների հետեւանքով արդեն տուժել է 170 մարդ, իսկ գլխին ստացած վերքից մեկ ժանդարմ է մահացել: