Լիբանանում ՀՀ դեսպանատանը կան ցուցակարգրված լիբանանահայեր, ովքեր Հայաստան գալու և Հայաստանում բնակվելու ցանկություն ունեն։ Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում լրագրողներին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանի խոսքով` դեսպանատանը ցուցակարգված մարդկանց կարելի է բաժանել են մի քանի կատեգորիաների։

«Առաջին կատեգորիայում այն մարդիկ են, որ բացահայտորեն ուզում  են գալ Հայաստան  և չեն կարող իրենց հնարավորություններով գալ։ Բնականաբար, մենք նախատեսում ենք, որ նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան: Որքան հնարավոր է շուտ ՀՀ գալու ցանկություն հայտնած և դեսպանատանը ցուցակարգված լիբանանահայերի թիվը 40 է»,- ասաց Սինանյանը:

Նրա խոսքով՝ ցուցակարգվածների մյուս կատեգորիաներն ավելի մեծաթիվ են։

 «Սա այն մարդիկ են, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարող  հիմա գալ, որովհետև ուզում են իրենց անշարժ գույքի հարցը լուծել, ուզում են այս ավերածությունների հետո պարզել, թե ինչ վիճակում են իրենք գտնվում»,- ասաց Սինանյանը:

Զարեհ Սինանյանի խոսքով`Լիբանանում հայկական պատվիրակությունը  հանդիպումներ կունենա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, առաջնորդարանների, կուսակցությունների ներկայացուցիչների, կրոնական խմբերի, հասրակական կազմակերպությունների հետ։

Նա նաև հայտնեց, որ Լիբանան մեկնող ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար  Սառա Անջագոլյանը,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։