Բելառուսում իրավապահ մարմինները հայտնում են, որ նրանց հաջողվել է վերահսկողության տակ առնել իրավիճակը Մինսկում, որտեղ կիրակի երեկոյան չարտոնված բողոքի ակցիաներ էին սկսվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը չարտոնված զանգվածային միջոցառումներին», - երկուշաբթի հաղորդել է «ԲելՏա» լրատվական գործակալությունը` վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ն:

Երկրում կայացած նախագահական ընտրությունների հետո էքզիթփոլի արդյունքների հրապարակումից հետո, որոնք ցույց տվեցին գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզիչ հաղթանակը, քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր սկսվեցին , որոնցում, ըստ դիտորդների, մի քանի հազար մարդ է մասնակցել:

Իրավապահ մարմինները ամենասկզբից սկսեցին վճռականորեն ճնշել ակցիայի մասնակիցներիզ քաղաքի փողոցներում երթեր կազմակերպելու բոլոր փորձերը: Ոստիկանության զինված ջոկատները` Ներքին զորքերի ստորաբաժանումների աջակցությամբ, սկսեցին ցրել մարդկանց քաղաքի կենտրոնական փողոցներից:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ամենալուրջ բախումները գրանցվել են Մաշերովի պողոտայի տարածքում, որտեղ ամեն տարի ռազմական շքերթներ են անցկացնում: Անկարգությունները տարածվել են նաեւ հարակից տարածքների վրա, մասնավորապես` այն տարածքները, որտեղ գտնվում է Հայրենական մեծ պատերազմի պատմության թանգարանը եւ «Մինսկ` հերոս քաղաք» ստելին, ինչպես նաեւ ամբողջ Հին քաղաքը, Անկախության պողոտան եւ Գորոդսկոյ Վալ փողոցի շրջակայքում գտնվող տարածքները:

Կարգի հաստատման համար այնտեղ հատուկ տեխնիկա է ուղղվել, անվտանգության ուժերն այնտեղ լուսաձայնային նռնակներ, ջրցաններ են կիրառել: Ականատեսների խոսքով` ինչ-որ պահի ոստիկանությունը նաեւ ռետինե փամփուշտներ է օգտագործել: Բախումների արդյունքում կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է: Ներգրավվել են շտապօգնության  տասնյակ ավտոմեքենաներ:

Ձերբակալվածների թիվը պաշտոնապես դեռ չի հաղորդվել, սակայն խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է:

Իրավապահ մարմինների օպերացիան տեւել է մոտ չորս ժամ: Ներկայումս ոստիկանությունը եւ ՕՄՈՆ-ը լիովին վերահսկում են իրավիճակը Մինսկում: Փողոցների մեծ մասը փակ է:

Կիրակի օրը Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել: Ըստ Էքզիթփոլի տվյալների` Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքում է ձայների ավելի քան 70 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը Սվետլանա Տիխանովսկայան է` ձայների 6.8 տոկոսից մինչեւ 10.1 տոկոս: