Թուրքիայի ռազմածովային նավատորմը հայտարարել է, որ Oruc Reis նավը սեյսմիկ հետազոտություն կանցկացնի Արեւելյան Միջերկրածովում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն իր դերը կունենա Արեւելյան Միջերկրածովում եւ Էգեյան ծովում Թուրքիայի գործողություների նկատմամբ:

Միցոտակիսի խոսքով՝ դաշինքում Թուրքիայի պահվածը վտանգ է ներկայացնում անվտանգության առումով: «Ս-400 համակարգերի գնումը խնդիր է, որը հուզում է բոլորիս, այդ թվում նաեւ ԱՄՆ-ին, քանի որ այն սպառնալիքի տակ է դնում F-35 կործանիչը»,-ասել է նա:

Միցոտակիսը նշել է, որ ԱՄՆ-ին մտահոգում է նաեւ Լիբիայում Անկարայի գործողությունները:

Միցոտակիսը հավելել է, որ «ԵՄ-ում հասկանում են, որ աշխարհի մեր մասում Թուրքիայի դերը ոչ կառուցողական է»: «Ես հստակ հասկացնել եմ տվել մեր եվրոպացի գործընկերներին, որ եթե Թուրքիան շարունակի այդ գործունեությունը, ապա պետք է լինեն հետեւանքներ, պետք է լինեն սանկցիաներ: Կամ հարաբերությունները կլավանան, կամ էլ, եթե Թուրքիան շարունակի խախտել Հունաստանի եւ Կիպրոսի սուվերենությունը, Եվրամիությունը պետք էարձագանքի»,-նշել է նա՝ հավելելով, որ Հունաստանը չի ձգտում մեկուսացնել Թուրքիային, այլ խրախուսում է ավելի արդյունավետ հարաբերությունները: