Գերմանիան, Իտալիան եւ Ֆրանսիան ԵՄ–ում զարգացնում են Լիբիայի նկատմամբ ռազմական էմբարգոն խախտողների դեմ պատժամիջոցները և արդեն համաձայնեցրել են այն ընկերությունների և անձանց ցանկը, որոնք ինքնաթիռներ, նավեր եւ լոգիստիկ աջակցություն են տրամադրում՝ խախտելով գործող սահմանափակումները։ Այս մասին երկուշաբթի հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրները։ Նրա տեղեկությունների համաձայն՝ ցուցակում հայտնվել է նվազագույնը երեք ընկերություն Հորդանանից, Ղազախստանից և Թուրքիայից և երկու լիբիացի։

Ցանկն արդեն ներկայացվել է ԵՄ մյուս անդամներին, ակնկալվում է, որ ԵՄ խորհրդի պատկան մարմինները կքննարկեն այն ամառային դադարից հետո, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ Այնուհետև, հաղորդում է գործակալությունը, պաշտոնապես հայտարարվելու է պատժամիջոցների մասին, որոնք կարող են եվրահամայնքի տարածքում նախատեսել ցանկում ներառված ընկերությունների եւ անձանց ակտիվների սառեցում։ Բացի այդ, եվրոպական ընկերություններին կարգելվի բիզնես վարել այդ ցուցակում հայտնվածների հետ։ 2011 թ–ի փետրվարի 26–ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը Լիբիային զենք մատակարերելու էմբարգո է նախատեսում: