Կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինը լավագույն ազդեցությունը չի ունեցել փոքր եվրոպացիների կյանքի վրա: Երկու ամսվա ընթացքում իրենց տներում փակված երեխաները դպրոց չեն հաճախել եւ զրկվել են իրենց հասակակիցների հետ նորմալ շփումից: Ոմանք տուժել են իրենց հանդեպ դաժան վերաբերմունքից, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, հայտնում է Euronews-ը:

Եվրահանձնաժողովը անհանգստացած է այս փաստով: ԵՄ երկրներում ապրող երեխաները ինտերնետում բախվում են սեռական եւ պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի: Ըստ ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի, համավարակը սրել է խնդիրը. «Շատ կարեւոր է, որ մենք լուրջ քայլեր ձեռնարկենք երեխաների պաշտպանության համար: Մենք մտադիր ենք առցանց հարթակներից պահանջել, որ հայտնաբերեն եւ հեռացնեն այս տեսակի բովանդակությունը ու հայտնեն այդ մասին»:

ԵՄ-ն նախատեսում է ստեղծել Երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի եվրոպական կենտրոն, կազմակերպել հանցագործությունների կանխարգելման ցանց եւ ձեւավորել հուսալի իրավական դաշտ, որը լիովին կօգտագործի ԵՄ գործող օրենսդրությունը՝ սեռական բռնության եւ երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի ոլորտում:

Բրյուսելում նշում են, որ ջանում են հնարավորինս արագ լուծել այդ խնդիրները:

Եվրահանձնաժողովը հույս ունի, որ առաջարկվող նախաձեռնությունները կլինեն արդյունավետ, եւ որ Եվրոպան կշարունակի առաջատար դեր ունենալ անչափահասների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ բռնությունների դեմ պայքարում: