Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը:  Նոր մասնաճյուղը գտնվում է Սիսիան, Իսրայելյան 39/62-1 հասցեում: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Արթուր Սարգսյանն իր խոսքում բարձր գնահատեց Յունիբանկի գործունեությունը Սիսիանում: Յունիբանկի մասնաճյուղի  բացումը կարևոր է ոչ միայն Սիսիանի բնակիչների հարմարավետ բանկային սպասարկման համար, այլ նաև նոր աշխատատեղեր ստեղծելու  առումով:  Արթուր Սարգսյանը համայնքի ղեկավարության անունից շնորհակալագիր հանձնեց Յունիբանկին Սիսիանում մարդասիրական գործունեություն իրականացնելու և բնակիչներին մշտապես աջակից լինելու համար:  Յունիբանկը սահմանամերձ շրջանների դպրոցներին իր աջակցության ծրագրի շրջանակներում Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցում ստեղծել էր ժամանակակից համակարգչային դասարան, ինչպես նաև մարզադահլիճին նվիրել էր մարզագույք և տատամի՝  ձյուդոյի խմբակի մարզումների համար:

Նոր մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը հաճախորդների համար  կապահովի  հարմարավետ և արագ սպասարկում: «Սիսիան» մասնաճյուղը կսպասարկի ֆիզիկական և իրավաբանական անձանց և կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, քարտերի տրամադրում, մոբայլ բանկինգ և այլն:  Ի դեպ սրահում տեղադրված է նաև տերմինալ, որով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:

«Սիսիանի բնակչությունն ակտիվ օգտվում է Յունիբանկի ծառայություններից, և մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա էլ ավելի հարմարավետ սպասարկում իրականացնել: Այսպես մենք ավելի մոտ կլինենք մեր հաճախորդներին և կմատուցենք նրանց անհրաժեշտ բոլոր բանկային ծառայությունները», - նշեց Յունիբանկի «Սիսիան»  մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը:

Յունիբանկը մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկն է. Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին սպասարկվում է Յունիբանկում: Հաճախորդների նման մեծ թվի համար որակով սպասարկում ապահովելու համար  բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: Այս տարի նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել նաև Ապարանում և Երևանում:

Միաժամանակ մեր հաճախորդներին հիշեցնում ենք, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից: