Բելառուսի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 39 ոստիկան եւ 50-ից ավելի քաղաքացիական անձ է վիրավորվել, «Sputnik-Բելառուս»-ին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Բորոդուն:

«Հիվանդանոցներում կա 39 ոստիկան եւ ավելի քան 50 քաղաքացիական անձինք»,- ասել է նա:

Բժշկական գերատեսչության մամուլի ծառայությունում նշել են, որ բոլոր նրանք, ովքեր անցյալ գիշեր փողոցային գործողություններից տեղափոխվել են հիվանդանոցներ, անհրաժեշտ բուժօգնություն են ստացել: Առողջապահության նախարարությունից նաեւ հայտնել են, որ մահվան դեպքեր չկան: Այսպիսով, առողջապահության նախարարությունը հերքել է համացանցում նախօրեին տարածված տեղեկությունն այն մասին, որ «կա մեկ զոհ»:

Ինչպես Sputnik-ին հայտնել է Բելառուսի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովան, չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցության համար ամբողջ երկրում ձերբակալվել է շուրջ 3 հազար մարդ: