ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը եւ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Բելառուսի նախագահական ընտրությունների հետ:

«Նախագահական ընտրությունները Բելառուսի Հանրապետությունում անցկացվել են օգոստոսի 9-ին: Եվրամիությունը բազմիցս այս ընտրությունների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ իր ակնկալիքներն է հայտնել:

Ընտրությունների գիշերը մռայլվեց խաղաղ ցուցարարների հանդեպ կառավարության անհամաչափ եւ անընդունելի բռնություններով: Ըստ որոշ տեղեկությունների՝ սա հանգեցրել է մեկ քաղաքացու մահվան եւ շատերի վնասվածքների: Մենք դատապարտում ենք բռնությունները եւ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անցած գիշերը ձերբակալվածներին: Բելառուսի իշխանությունները պետք է ապահովեն խաղաղ հավաքների անցկացման հիմնարար իրավունքը:

Հանուն ազատ ընտրությունների եւ ժողովրդավարության աննախադեպ մոբիլիզացիայից հետո բելառուս ժողովուրդն այժմ սպասում է իր ձայների ճշգրիտ հաշվարկի: Կենսականորեն անհրաժեշտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի այնպիսի արդյունքներ, որոնք արտացոլում են բելառուս ժողովրդի ընտրությունը:

Միայն մարդու իրավունքների պահպանումը, ժողովրդավարությունը, ազատ եւ արդար ընտրությունները կարող են Բելառուսում կայունություն եւ ինքնիշխանություն ապահովել: Մենք կշարունակենք ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը, որպեսզի գնահատենք, թե ինչպես կարելի է հետագայում ձեւավորել ԵՄ-ի արձագանքը եւ Բելառուսի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը»,- ասվում է Բորելի եւ Վարխելիի հայտարարության մեջ: