Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին էր ասում, որ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել և Կառավարության հետ կարելի է խոսել անմիջական, ուղիղ: Սակայն այլևս նամակներ Կառավարության շենքի ընդունարանում չեն վերցնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ասաց մի խումբ լիբանանահայերի հետ կառավարության դիմաց ակցիա անող «Հայք» ազգայնական շարժման մասնակից Հրայր Կոստանյանը:
Շարժման մասնակիցները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և «Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն» գրառմամբ պաստառներով բողոքի ակցիա էին իրականացնում՝ Կառավարությունից պահանջելով ապահովել Լիբանանի հայերի վերադարձը հայրենիք:
Նրանք փորձեցին նամակ հանձնել Կառավարությանը, սակայն ոստիկանները նրանց հորդորեցին դա փոստի միջոցով ուղարկել, ինչին ի պատասխան Հրայր Կոստանյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին էր ասում, որ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել և Կառավարության հետ կարելի է խոսել անմիջական, ուղիղ: Սակայն այլևս նամակներ Կառավարության շենքի ընդունարանում չեն վերցնում»:
Նա հիշեցրեց նաև, որ օգոստոսի 9-ին Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը, 51 տարեկան կդառնար, այն մարդը, ով ևս զոհը դարձավ Անկախության և ինքնիշխանության բացակայությանը:
«Մենք եկել ենք հայրենադարձության պահանջ ներկայացնել, մենք՝ «Հայկ» ազգայնական շարժման անդամներս, համակիրներս, անկախ ներկայացուցիչներս, հայրենադարձված մեր հայրենակիցները և ընդհանրապես անկախ և ինքնիշխան Հայաստանի ներկայացուցիչներս, պահանջում ենք լայնամասշտաբ հայրենադարձության գործընթաց՝ այն սկսելով լիբանանահայ հայրենադարձման կազմակերպման աշխատանքներից, կրկնում եմ, պահանջում ենք մեկնարկել հրատապ լայնամասշտաբ հայրենադարձության գործընթաց»,- կառավարությանն ուղղված նամակից հատված ընթերցեց Հրայր Կոստանյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսանյութին կից գրել է.
«ԱԱԾ աշխատակիցը հրահանգեց ոստիկաններին.
Պաստառը պատռեք, գցեք ոտքերի տակ։
Խոսքը «Անկախության Հռչակագիր 30» գրառմամբ պաստառի մասին է` Մայր օրենքի պաստառը, Անկախության ու Ինքնիշխանության պաստառը։ Փաստացի, ռուս և թուրքսիոնիստական ուժերին ծառայող ԱԱԾ-ն հերթական անգամ ցույց տվեց, որ դեմ է Անկախ և Ինքնիշխան պետականության վերականգնմանը»։