ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը մտավախություն է հայտնել արեւելյան Միջերկրական ծովում հունական եւ թուրքական ռազմածովային ուժերի տեղակայման կապակցությամբ, հայտնում է Kathimerini-ն:

«Արեւելյան Միջերկրական ծովում վերջին ռազմածովային մոբիլիզացիաները խիստ մտահոգություն են առաջացնում: Դրանք չեն նպաստի որեւէ լուծում գտնելուն: Ընդհակառակը, դրանք կհանգեցնեն ավելի մեծ անտագոնիզմի եւ անվստահության»,- նշել է նա։

Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կվերսկսի տարածաշրջանում հորատման աշխատանքները։ Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Եգիպտոսը եւ Հունաստանը ստորագրեցին ծովային սահմանների մասին համաձայնագիր՝ միջերկրածովյան երկու երկրների միջեւ բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման համար: Թուրքիան հայտարարել է, որ նրանց գործարքը «անվավեր է»:

«Ծովային սահմանները պետք է որոշվեն երկխոսության եւ բանակցությունների, այլ ոչ թե միակողմանի գործողությունների եւ ռազմածովային ուժերի մոբիլիզացիայի միջոցով»,- ասել է Բորելը:

ԵՄ գլխավոր դիվանագետը հավելել է, որ կփորձի վերականգնել երկխոսությունը եւ նպաստել փոխգործակցության վերսկսմանը: «Գործողությունների ներկա ընթացքը չի ծառայելու ո՛չ Եվրամիության, ո՛չ Թուրքիայի շահերին: Մենք պետք է աշխատենք միասին՝ հանուն Միջերկրական ծովում անվտանգության»,- ասել է նա: