Օգոստոսի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 47-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ՊՊԾ դասակի ոստիկանների հետ, օգոստոսի 9-ին, ժամը 4.30-ին, Ձորագյուղի վարչական տարածքում ստուգել և բաժին են բերել Սարահարթ գյուղի 45-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով:

Բեռնատարի վարորդը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ օգոստոսի 6-ին և 7-ին Վահագնաձոր գյուղի անտառից ապօրինի հատել է երկու ծառ:

Նույն օրը Գուգարքի բաժնի ոստիկանները պարեկայինների հետ համատեղ ծառայության ժամանակ Ձորագյուղի վարչական տարածքում ստուգեցին փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի երկու մեքենա:

Վարորդները, որ Վանաձորի բնակիչներ են, դարձյալ վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չեն ներկայացրել: Պարզվել է, որ նրանցից մեկը` Լորուտ, մյուսը Փամբակ գյուղի անտառից բենզասղոցով ապօրինի հատել են ծառեր:

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: