Հունաստանը անօրինական է անվանել Թուրքիայի գործողությունները, որը նավ է ուղարկել Միջերկրական ծովի արեւելյան մասում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու համար, հայտնում է Reuters-ը:

Թուրքական ռազմածովային ուժերը հայտնել են, որ Oruc Reis-ը այդ տարածքում կաշախտի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Հուլիսին Թուրքիայի կողմից նույն տարածք ուղարկված նավը լարվածություն էր առաջացրել, որը մեղմացավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջամտությունից հետո, որի արդյունքում Թուրքիան համաձայնեց դադարեցնել գործողությունները:

Սակայն նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը ասել է, որ Թուրքիան վերսկսել է երկրահետախուզական աշխատանքները տարածաշրջանում, քանի որ Հունաստանը չի կատարել իր խոստումները այդ հարցի վերաբերյալ:

Երկուշաբթի օրը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կառավարության խորհրդի պաշտպանության հարցերով նիստ է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են թուրքական սադրանքին արձագանքելու եղանակները:

Հանդիպումից հետո Հունաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել Թուրքիային «անհապաղ դադարեցնել իր ապօրինի գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»:

Oruc Reis նավը արդեն հասել է այնտեղ, որտեղ պետք է աշխատի, Twitter-ում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

Սեյսմիկ հետազոտությունները ածխաջրածինների հնարավոր հետախուզման նախապատրաստական աշխատանքների մի մասն են։

Նոր հետախուզական աշխատանքների մասին Էրդողանի հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ անցյալ հինգշաբթի Եգիպտոսը եւ Հունաստանը Միջերկրական ծովում երկու երկրների միջեւ բացառիկ տնտեսական գոտին սահմանազատելու մասին համաձայնագիր են ստորագրել:

Հունաստանում դիվանագետները նշում են, որ գործարքը չեղարկում է անցյալ տարի Թուրքիայի եւ Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնագիրը, սակայն Էրդողանը աել է, որ Թուրքիան «վճռականորեն» կպահպանի Լիբիայի հետ իր համաձայնագիրը: