COVID-19- ը, կարծես, չի հետեւում որոշ վիրուսներին բնորոշ սեզոնային մոդելներին, ինչը դժվարացնում է վերահսկումը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Մայքլ Ռայանը, հայտնում է AP-ը:

Ի տարբերություն շնչառական այլ վիրուսների, օրինակ՝ գրիպի, որոնք տարածվում են հիմնականում ձմռանը, կորոնավիրուսի համավարակը արագանում է ամռանը: «Այս վիրուսը սեզոնային օրինաչափություն, որպես այդպիսին, չի դրսեւորում»,- ասել է Ռայանը: «Սա հստակ ցույց է տալիս, որ եթե դուք թուլացնեք վիրուսի վրա ճնշումը, այն կվերադառնա նորմային»: ԱՀԿ-ն շարունակում է խորհուրդ տալ երկրներին, որ նույնիսկ եթե COVID-19-ը հսկողության տակ է գտնվում, միջոցներ ձեռնարկել վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար, ասել է նա:

Նա կոչ է արել երկրներին, որտեղ վարակի փոխանցումը մնում է ինտենսիվ, օրինակ՝ Բրազիլիային, քայլեր ձեռնարկել, որպեսզի համայնքները ունենան անհրաժեշտ աջակցություն՝ իրականացնելու համար այնպիսի ռազմավարություն, ինչպիսին է սոցիալական հեռավորությունը, դիմակներ կրելը եւ ախտանիշների ի հայտ գալու դեպքում ինքնամեկուսացումը: