Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` քաղաքացիներն այսօր՝ օգոստոսի 10-ին գործնագործ են խաղում։

Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տեւող արդար եւ անկոտրում պայքարին։ Պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը եւ վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

«Կառավարության եւ ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռություն: Ամուլսարի պահապանները միայնակ են մնացել «Լիդիան» ընկերության եւ վերջինիս ապօրինությունների ու լրատվական ձեռնածությունների դեմ՝ միաժամանակ բախվելով ոստիկանության աննախադեպ բռնությունների եւ իշխանության տոտալ անտարբերության։ Ամուլսարը սար է մնալու․ այլընտրանք չկա»,- ասվում է իրենց հայտարարությունում։

Կազմակերպիչները հիշեցնում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը: