Բերքի հսկայական քանակի բաշխման եւ գինու ու կոնյակի արտադրության ոլորտում ցուցանիշների նվազման հետ կապված սպասվող խնդիրը կհանգեցնի կոնյակի խաղողի գնման գների 20 դրամով, իսկ գինու բերքի՝ 20-40 դրամով նվազմանը՝ 1 կիլոգրամի համար,: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Եթե անցյալ տարի գնման միջին գինը տատանվում էր մեկ կիլոգրամի դիմաց 150 դրամի մակարդակում, ապա այս տարի այն կկազմի մոտավորապես 130-140 դրամ: Կոնյակի արտադրության համար առաջարկվել է 2 տարի ժամկետով անտոկոս վարկի տրամադրման հաջող ծրագիր` 6-ամսյա արտոնյալ ժամկետով, ինչը մասամբ կլուծի խնդիրը: Խնդիրը կթեթեւացնի նաեւ սուբսիդավորման նախատեսված ծրագիրը, որը որոշ չափով կարող է լուծել «Արենի» տեսակի գինիների հարցը»,- նշեց նա։

Նրա խոսքերով՝ 1 կգ խաղողի մանրածախ գինը կկազմի մոտավորապես 220-250 դրամ:

«Գնային այդքան մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ արտադրողի եւ սպառողի միջեւ կա առնվազն երկու միջնորդ` մեծածախ եւ մանրածախ: Իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ արտադրողը լիարժեք սուբյեկտ դառնա վաճառքի շուկայում»,- եզրափակեց Հարությունյանը: