Google-ի արբանյակային քարտեզի վրա «122 մետրնաոց նավ է» հայտնաբերվել, որը գտնվում է Անտարկտիդայի ափերից 160 կմ հեռավորության վրա: Ըստ Daily Mail-ի` համացանցի օգտատերերը ենթադրել են, որ դա նացիստական գաղտնի ​​նավ է:

Անանուն օգտատերն ուսումնասիրում էր Անտարկտիդայի քարտեզը եւ նկատել էր հսկա սառցե բլոկը, որը նավի էր նման: Նա իր գտածոյի մասին պատմել էր YouTube հարթակում տեղադրված տեսանյութում: «Սառցե նավը, եթե կարելի է այդպես անվանել, 122 մետր զբոսանավ է, որը կանգնած է Անտարկտիդայի ափերի մոտ»,- ասել նա:

Սառցե նավի տեսանյութը վիրուսային է դարձել համացանցում` տասնյակ հազարավոր դիտումներ հավաքելով: Մեկնաբանները սկսել են քննարկել, թե ում կարող է պատկանել նավը: Մի քանի օգտատեր պնդում էր, որ նացիստներն Անտարկտիդայում գաղտնի ռազմակայան են կառուցել, իսկ նավը մնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փոխանցում է «Լենտա»-ն:

«Հիշու՞մ ես, ես քեզ արդեն ասել էի, որ Հիտլերը ստորգետնյա բազա ուներ Անտարկտիդայում, որը զբաղվում էր վերերկրային էակներով»,- գրել է Galaxy Malachi մականունով մեկ այլ օգտատեր:

Որոշ մեկնաբանների արբանյակային քարտեզի պատկերը մտքեր է հուշել հնագույն քաղաքակրթությունների մասին: «Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այս մայրցամաքին: Դա միշտ սառույցով ծածկված չի եղել»,- ասել է Stable Stoic-ը: Մյուս մեկնաբանները տեսություններ չեն առաջադրել եւ պարզապես հիացել են անսովոր գտածոով. «Օհո, այնտեղ գտնվող նավը զարմանալի մի բան է!!!»: