Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ՝ Ազգային ժողովի 50 տոկոսը մեզ հետ այստեղ գործնագործ կխաղար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նշենք, որ Ամուլսարի պաշտպաններն ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս քիչ առաջ բերման ենթարկվեցին։

«Այս անգամ ուղղակի ավելի ողջամիտ են, եթե որոշել են, հրահանգ են ստացել իրավապաշտպանին չտանեն։ Անցած անգամվա իրենց գործողությունն ավելի շատ միջազգային աղմուկ ստացավ, որովհետեւ դա խայտառակություն էր։ Ամբողջ աշխարհում ընդունված չէ։ Այս անգամ մատով չկպնելու հրահանգ են ստացել։ Էս անգամ տարան ակտիվիստներին՝ ընդամենը խաղի միջոցով կոչ անելու համար։ Երբ Ամուլսարը բացելու կոչեր են անում, որեւէ խնդիր չկա, որովհետեւ կառավարության շենքի դիմաց մի քանի օր առաջ հստակ ակցիա է եղել, որի ընթացքում կոչեր են հնչել Ամուլսարը բացելու։ Այսինքն եթե կոչերն արգելված են միայն Ամուլսարը փակելու հետ կապված, նշանակում է հստակ հրահանգ կա լռեցնել բոլորին, ովքեր պատրաստ են Ամուլսարի բացելուն դեմ գործողություններ անելու»,-ասաց իրավապաշտպանը եւ հավելեց, որ իշխանություններն ընդօրինակել են վատագույն ավանդույթները։

Նինա Կարապետյանցը նշեց, որ իշխանություններն իրենց պաշտոններն ու պարգեւավճարներն ավելի բարձր են գնահատում, քան իրենց ընկերների, ժողովրդի, իրենց ընտրողների իրավունքը. «Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ 40, 30 տոկոսը մեր կողքին կանգնած կլիներ՝ գործագործ խաղալուց։ Այսօր նրանք իրենց պաշտոններն ու պարգեւավճարներն ավելի բարձր են գնահատում, քան իրենց ընկերների, ժողովրդի, իրենց ընտրողների խոսքը կամ իրավունքը։ Սա շատ ցավալի է»։

Հարցին՝ արդյոք իշխանությունները շարունակո՞ւմ են լռել, Նինա Կարապետյանցն ասաց. «Տեսել եմ Անդրանիկ Քոչարյանի ելույթը, որը ոչինչ չասող ելույթ էր։ Նույնն էր, ինչ լռելը, որովհետեւ ժողովրդի ընտրյալները պետք է հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Մենք պատգամավորներին չենք ընտրել, որ իրենք հլու-հնազանդ կառավարությանը ենթարկվեն։ Մենք պատգամավորներին ընտրել ենք, առաջնային մանդատ ենք տվել, որպեսզի իրենցից տեսնենք մեր բոլորի իրավունքների պաշտպանություն»։