Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան, չնայած որ աշխարհում վարակման մոտ 20 միլիոն դեպք կա, իսկ մահվան դեպքերի թիվը մոտենում է 750 000-ի:

«Ես գիտեմ, որ ձեզանից շատերը սգում են, եւ որ սա աշխարհի համար դժվար պահ է»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը: «Բայց ես ուզում եմ հստակություն մտցնել՝ կան հույսի կանաչ ծիլեր, եւ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չէ Covid-19-ի բռնկմանը հակադարձելու համար»:

Նրա խոսքերով՝ Հարավարեւելյան Ասիայի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի եւ Կարիբյան կղզիների ու Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի որոշ երկրներ կարողացել են վաղ փուլում ճնշել վիրուսը:

Նա նշել է, որ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մեծ բռնկումներ են գրանցվել, եւ նրանք նույնպես կարողացել են ճնշել այն: Նա այս երկրներում նոր դեպքերի նվազումը բացատրել է առաջնորդների «վճռական եւ ճշգրիտ» գործողություններով:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ մարդիկ դիմակներ կրեն՝ որպես վիրուսի տարածումը դանդաղեցնելու միջոց, ինչպես նաեւ պարբերաբար լվանան ձեռքերը, ուրիշներից հեռավորություն պահեն եւ խուսափեն մարդաշատ վայրերից:

«Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնը պարտադիր է դարձրել դիմակներ կրելը Փարիզի աշխույժ բաց տարածքներում՝ ի պատասխան հիվանդության աճող դեպքերի»,- ասել է Թեդրոսը:

Նա նշել է, որ անկախ այն բանից, թե արդյոք երկրները կամ տարածաշրջանները հաջողությամբ են արմատախիլ արել Covid-19-ը, ճնշել են փոխանցումը՝ հասցնելով ցածր մակարդակի, թե դեռ գտնվում են լուրջ բռնկման ֆոնին, այժմ ժամանակն է «ամեն ինչ անել»: «Ներդրումներ կատարեք հանրային առողջապահության հիմունքներում, եւ մենք կկարողանանք փրկել ինչպես կյանքերը, այնպես էլ գոյության միջոցները»,- ասել է նա։

Խոսելով դպրոցների բացման մասին՝ ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ երկրները պետք է օգտագործեն «ռիսկերի վրա հիմնված մոտեցումը»՝ միեւնույն ժամանակ պահպանելով հնարավոր կլաստերների հանդեպ «զգոնությունը»։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ դպրոցները վերաբացվեն անվտանգ միջավայրում, բայց նաեւ պետք է ապահովենք սովորողների, աշխատակիցների եւ ուսուցիչների անվտանգությունը»,- ասել է նա: «Դրա համար հիմք է հանդիսանում Covid-19-ի փոխանցման համարժեք վերահսկումը: Եթե մենք արդյունավետորեն ճնշենք Covid-19- ը, մենք կարող ենք ապահով կերպով բացելել հասարակությունները»: