Նախաձեռնության հիմնավորումներում ես չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել, ավելին՝  չեմ կարծում, որ մասնագիտացվածության սկզբունքը  ճիշտ է պահպանված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության  համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Արդարադատության  նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծերի փաթեթին, որով  նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը քննելու է Քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:

«Ցանկացած դատարանի ձևավորում պետք է ունենա օբյեկտիվ նախադրյալներ, դրանց մեջ ես տեսնում եմ վիճակագրությունը, որ օրինակ, որոշ հանցագործությունների թվաքանակն այնքան մեծ է, որ  դրանք ծանրաբեռնում են  դատարաններին  և դրանով պայմանավորված սետղծվում են նոր մասնագիտացված դատարաններ, երկրորդ՝ առնվազն պետք է լինի արդարության որակի բարձրացումը։ Եթե օբյեկտիվ նախադրյալ կա, որ տվյալ գործերով թվային աճ կա, մենք կարող ենք հիմնավորել դատարանի գոյությունը, պարզապես նմանատիպ տվյալներ մեզ չեն ներկայացնում»,-ընդգծում է Սիրանուշ Սահակյանը։

Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն ավելի արդյունավետ կդարձնի՞ կոռուպցիայի դեմ մղվող պայքարը. Սիրանուշ Սահակյանը նկատում է՝ դա կախված կլինի նրանից, թե ինչ ինստիտուցիոնալ լուծումներ կտան։

«Առնվազն մի մասով վստահ եմ՝ անհարմարություններն ավելի շատ են լինելու, քան արդյունավետությունը։ Բայց կարծում եմ՝ դրան կարող ենք անդրադառնալ  գաղափարի վերջնական քննարկմանը։ Այս պահին, օրինակ՝ պարզաբանված չէ, թե որտեղ է տեղակայված դատարանները, ինչպիսի ՞ տեխնիկական հագեցվածություն և շենքային պայմաններ են ունենալու, որը ժամանակատար պրոցես է, տարիներ է պահանջելու։ Եթե, օրինակ, դատարանը տեղակայված է լինելու Երևանում, պատկերացնո՞ւմ եք՝ Նոյեմբերյանում կատարված կոռուպցիոն դեպքերի քննության տեսանկյունից սա ինչ խնդիրներ է առաջացնելու քննության համար՝ վկաների, տուժողների, մեղադրյալի տեսանկյունից և մենք ունենալու ենք արդարադատության մատչելիության խնդիր»,- ասաց նա։

Նախագծերի փաթեթը սահմանում է, թե ովքեր չեն կարող նշանակվել Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ։  Օրինակ՝  դատավորը կամ նախկին դատավորը, որը վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն։ Սիրանուշ Սահակյանը մեջբերում է դատավորի կարգավիճակի միասնականության մասին ամրագրումը Սահմանադրությունում։

«Դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացում տարբերակված մոտեցումներ չեն կարող լինել։ Տարբերակումը միայն թույլատրելի է ատյանների պարագայում, օրինակ՝ Վերաքաննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորները կարող են տարբերություններ ունենալ։ Եթե մենք սահմանում են տարբերություններ, բացառություններ, ապա գործ ենք ունենալու իրավահավասարության սկզբունքի խախտման, խտրականության հետ»,- ասաց նա։

Բացի այդ, նախագծերի փաթեթը սահմանում է, որ հակակոռուպցիոն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի առնեն փորձագետների կարծիքները:

«Փորձագետները մասնավոր անձինք են, իսկ ԲԴԽ-ի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ՝ այն անկախ մարմին է և չի կարող կաշկանդված լինել երրորդ  անձնանց  տեսակետներով, առավել ևս այնպիսի երրորդ անձանցով, որոնք ներգրավվում են արտաիրավական գործընթացներով, արտասահմանադրական լուծումների միջոցով։ Ես միտում եմ տեսնում, որ սահմանադրական երաշխիքների խախտմամբ ձևավորվում է  դատարան, որը խնդիրներ է առաջացնելու։ Եթե պետությունները  շրջանցում են դատավորների նշանակման ընթացակարգերը, և դրանք  ձևախեղելու միջոցով ազդում են ապագա դատավորների վրա, ապա ոչ միայն դատավորների  անկախությունն ենք խախտում, այլև իրավասու դատարանի կողմից գործի քննությունը։ Հետագայում, եթե այդ դատարանները գործեր քննեն, թե՛ տուժող կողմի, թե՛ մեղադրյալների իրավունքի տեսանկյունից հարց է բարձրաձայնվելու, որ այս դատավորի նշանակումը չի համապատասխանել Սահմանադրությանը, քանի որ ԲԴԽ-ն կաշկանդված է եղել»,- նշեց «Իրավական ուղի» ՀԿ-ի  համահիմնադիրը։

Կարծիքներ կան, որ այս դատարանների գործունեությունը կարող է անդրադառնալ մեր ներդրումային միջավայրի վրա։  Սիրանուշ Սահակյանը նշում է՝ որտեղ դատական իշխանությունը ձևավորման, սկզբունքերի շեղման ճանապարհով դառնում է խոցելի և կառավարելի գործադիր իշխանության կողմից,  ներդրումների տեսանկյունից այդ  երկիրը դառնում է  ոչ գայթակղիչ։

«Անկախ դատական համարկարգի գոյությունը ներդրումները խթանող հիմնական գործոններից է»,- շեշտում է նա։

Հավելենք նաև, որ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում  քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

«Եթե առաջին օղակում ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարաններ և կարողանում ենք հիմնավորել, թե ինչո՞ւ առաջին ատյանում պետք է ունենանք մասնագիտացված դատարան, ապա ես գրագետ լուծում եմ համարում վերաքննության կարգով դատարանի մասնագիտացվածության ապահովումը։ Ուղղակի գլոբալ խնդիրն այն է, որ մեր երկրում չեն կարողանում օբյեկտիվորեն հիմնավորել հակակոռուպցիոն դատարանների ձևավորումն այս փուլում»,- ասաց նա, ապա ուշադրություն հրավիրեց մեկ այլ  փաստի վրա.

«Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ցանկը միշտ փոփոխական է եղել և դրանք սահմանվել են Գլխավոր դատախազի հրամանով։ Հստակ շրջանակ, թե որոնք են կոռուպցիոն հանցագործությունները, չի եղել, թեև վերջերս Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններում ցանկ է ձևավորվել, որը նկարագրում է կոռուպցիոն հանցագործությունները։ Ընտրանքը շատ սխալ է   իրականացված, կան արարքներ, որոնք իրենց բնույթով կարող են կոռուպցիոն լինել, բայց այդ ցանկում ներառված չեն և հակառակը՝ կան արարքներ, որոնք դիտարկվում են որպես հանցագործություններ, բայց իրականում դրանք  կոռուպցիոն հանցագործություններ չեն։ Եթե մենք չունենք լավ մշակված կոռուպցիոն հանցագործությունների ցանկ, սա նաև հետագա չարաշահումներ է  առաջ բերելու դատարանների գործունեության  հետ կապված։ Օրինակ՝ պաշտոնատար անձի կողմից հայտարարգիր չներկայցնելը ներկայացվել է որպես կոռուպցիոն հանցագործություն,  մինչդեռ կոռուպցիայի սահմանումը ենթադրում է պետության կողմից տրված լիազորությունների չարաշահում  հանուն անձնական նպատակների։ Հիմա ի՞նչ է ստացվում, որ պաշտոնատար անձը, որն ընդամնեը կարգավիճակով ունի պարտականություն և հայտարարագիրը չի ներկայացնում, իրականում որևէ դիրք չի չարաշահում։ Այս պարզունակ օրինակով շատ հստակ է, որ ցանկը շատ սխալ է ներկայացված»։

 Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

«Աշխատավարձերը պետք է միասնական լինեն, տարբերակումը օբյեկտիվ է, եթե տարբերվում են ատյանների աշխատավարձերը, օրինակ՝ վերաքննիչ դատարանի դատավորը կարող է ավելի շատ վարձատրվել, քան առաջին ատյանինը, բայց Վերաքննիչ դատարանի վարչական գործեր քննող դատավորի աշխատավարձը չպետք է  տարբերվի քաղաքացիական գործեր քննող դատավորից, նույն կերպ՝ քրեական գործերով՝  սպանություն, շատ բարդ գործեր քննող դատավորի աշխատավարձը չի կարող տարբեր  լինել, օրինակ, հայտարարագրի վերաբերյալ,  պրիմիտիվ գործ քննող դատավորից, որին իրենք կոռուպցիա են անվանում»,- ընդգծեց   «Իրավական ուղի» ՀԿ-ի  համահիմնադիրը։