Ես ոչ արածներիս համար եմ փոշմանում, ոչ չարածներիս, ժամանակի մեջ պետք է նայել, տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ պետք է կայացնել։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով հարցին, թե հետադարձ հայացքով իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչը կփոխեր։

Իսկ թե ինչ է փոխվել ոստիկանությունում այս երկու տարվա մեջ, հարցին ի պատասխան, Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե ոստիկանությունն իր ընտանիքն է, չի սիրում բարձրաձայնել նրա մասին, բայց իրեն տխուր է զգում։

«Տխուր եմ, որովհետեւ ունեինք բարեփոխումների 3 ծրագիր, որի 2 փուլը մենք անցկացրեցինք, հեռանալիս անձնակազմին ասել եմ, որ 3-րդ փուլը, որ պետք է անեինք 2018-ից սկսած, ավարտին հասցնեն։ Բայց հիմա այն, ինչ անում են, Ուկրաինայում, Վրաստանում փորձարկված բաներ են, այդ շտամպերը մեզ վրա չեն աշխատում։ Պետք է վերցնել լավը, ոչ թե ամեն ինչ», նշել է նախկին ոստիկանապետը։

Վլադիմիր Գասպաչյանի խոսքով՝ իրենից հետո եկած ոստիկանապետերը բարդութավորված անձնավորություններ էին․ 

«Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետեւից, դա տխուր է։ Խղճուկ մարդիկ են այդպիսի բաներ անում։ Ես միշտ ասել եմ՝ տղաներ, վա՛յ այն ոստիկանին, որը զբաղվում է քաղաքականությամբ, եւ վա՛յ այն կուսակցություններին, որոնք ոստիկանությանը որպես գործիք են օգտագործում, երկուսն էլ դատապարտված են», ասել է Վ․Գապարյանը, որի կարծիքով՝ այսօր ոստիկաններն օգտագործվում են։

 «Ամուլսարի հարցը ուրիշ կերպ պետք է լուծվի, ոչ ուժային մեթոդներով․․․ Երկու օր առաջ սպայի օրն էր, շնորհավորել եմ տղաներին եւ վերջում ասել՝ պատիվ ունեմ ձեզանից մեկը լինել, մեզ քաղաքական խժդժությունները չեն հետաքրքրում, մենք պետական գործիչ ենք, մենք քաղաքական գործիչ չենք։ Ես ունեցել եմ ընկերներ ընդդիմադիր կուսակցություններում, ունեցել եմ թշնամիներ ու չկամեցողներ գործող իշխանություններում։ Սերժ Սարգսյանի հետ ինձ շատ հեշտ է եղել աշխատել։ Հեշտ եւ դժվար, հեշտ, որովհետեւ նա համակարգը գիտեր, նա միշտ թողել է ինքս որոշումներ կայացնեմ։ Դժվարն այն էր, որ ասում էր՝  ներողամտությունն ավելի վնասակար է, քան․․․ Ես այդ հարցին, թերեւս, որպես քրիստոնյա էի վերաբերվում, կրկնեմ դասականի խոսքերը՝ այդ հարցում ինքը ճիշտ էր, ես սխալ»։

2018 թվականի իրադարձությունները հիշելով, Վ․Գասպարյանը պատմել է, թե ինչ է իրեն ասել Սերժ Սարգսյանը՝  ոչ մի իշխանության համար չարժի զոհաբերել մարդկային կյանք․

 «Ասաց՝ գիտեմ, դու փայլուն կանցկացնես օպերացիան, բայց հրմշտոցի մեջ երեխաներ կընկեն ոտքի տակ, պետք չէ։ Ես շաղախված եմ այս երկրին, ես այս երկրում թաղված ընկերներ ունեմ, որոնցից պատահաբար 20-30 տարի ավելի եմ ապրում, չգիտեմ՝ իրենց բախտը բերեց, թե՝ մեր։ Տղաները հերոս դարձան, իսկ մենք՝ թիրախ։ Իսկ պետության համար կանգնած սպային թիրախավորելը շատ դաժան կարող է նստել, թող կուսակցությունները նստեն, իրենց հարցերը լուծեն իրար հետ, բայց երբ պետությանը վտանգ է սպառնում՝ արդեն գործ ունեն իմ տեսակի հետ։ Չեմ ուզենա հավատալ այդ խոսքին, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով, բայց եթե զբաղվում է ինձանով՝ ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ։ Ես մեռնելուց չեմ վախենում, այլ ապրելուց՝ այ այս երեւույթների մեջ, ու վախենում եմ ոչ ինձ համար։ Մենք այս երկիրը չենք սարքել, որ արվամոլություն փառաբանեն, ԼԳՏՊ-ներ, կգմգ-ներ։ Նման տխմարամտություններն ուղղակի խառնում են մեր երկիրը», նշել է Վ․Գապարյանը։