Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ «Ազատության» ռադիոկայանի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին «Ազատությունը» հայտարարել էր, թե Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը  Սեւանա լճի ափին ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել»։

Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ իր վստահորդի  անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան, քանի որ, ըստ նրա՝ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության եւ մյուս իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից: Ավելի ուշ փաստաբանը տեղեկացրել է, որ Երեւանից օպերխումբ է մեկնել Սեւան՝ Գասպարյանին ձերբակալելու համար։ Այնուհետեւ փաստաբանը տեսանյութ է հրապարակել եւ հայտարարել.  «Մեր այսպես կոչված նոր, թավշյա իշխանությունները որոշել են մի հիմար, անպատկառ հիմքով ձերբակալել նախկին ոստիկանապետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանին

Շաբաթ օրը դատարանը մերժել է մեկ այլ նախկին պաշտոնյա Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող ՀԷԿ-ին արտոնություն տալու համար։

Մեկ այլ հնչեղ գործով կալանավորված Գագիկ Խաչատրյանի փաստաբաններն ահազանգում են, որ օգոստոսի 5-ին լրացել է Եվրադատարանի վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով կառավարությունը պետք է ապահովեր  ֆինանսների նախկին նախարարի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Պաշպանները պնդում են, որ արդեն 11 ամիս կալանքի տակ գտնվող Խաչատրյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։

Արսեն Թորոսյանը որպես վկա պետք է գա Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունների կասեցմամբ պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատավարությանը, որտեղ նրան  հարցեր են տալու, որոնց ինքը չի սպասում։ Դատական նիստի ընդմիջմանն այս մասին  լրագրողներին ասել է Սանասարյանը։ Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Թորոսյանի նկատմամբ վարույթ հարուցելուն, Սանասարյանն ասել է, որ եթե իր լիազորությունները կասեցված չլինեին, ինքն այդ գործը հանձնաժողովին չէր թողնի։

Ինչպես եւ սպասվում էր Հայկ Մհրյանից հետո փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է նաեւ Տիգրան Եսայանը։ Վարչապետի առաջարկով Եսայանի ազատման հրամանագիրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Շաքարավազի շուկայի ուսումնասիրությունից հետո հակամենաշնորհային հանձնաժողովը «Ալեքս Հոլդինգ» ընկերությանը  տուգանել է 24.7 մլն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար: Ըստ մրցակցային հանձնաժողովի՝ 2018-ից սկսած  «Ալեքս Հոլդինգը» գների չհիմնավորված իջեցում է արել, խտրական պայմաններ ու գներ է կիրառել, նաեւ այնպիսի պայմաններ կամ վարքագիծ է  որդեգրել, որ այն սամանափակել է տնտեսական մրցակցությունը։ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը հանձնարարվել է 1 ամսում վերացնել խախտումները։ 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքով տեղեկացրել է, որ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին հրավառությունների, երթեւեկության կանոնները չարամտորեն խախտողների, մեքենաների ազդանշանային համակարգերի կիրառման հարցերում։

Ավինյանը հանձնարարել է իրազեկել բնակիչներին այս խստացումների ու արգելքների մասին։

Կիրակի ցերեկը ողբերգական հետեւանքներով ավտովթար է տեի ունեցել Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին։ MAN մակնիշի բեռնատար եւ Toyota մակնիշի ավտոմեքենաների բախումից  4 հոգի տեղում մահացել է․ ըստ մամուլի՝ մահացածները Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են:

Շաբաթ օրը զանգվածային ծեծկռտուքից, սպանությունից ու հրկիզումներից հետո Ախալքալակում դրությունը չի հանդարտվում։ Համացանցում միջադեպը պատկերող բացառիկ կադրեր են հրապարակվել: Ախալքալակում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Մարաբյանի սպանությունից հետո, եւս մեկ 27-ամյա հայ էլ ձերբակալվել է: Այս միջադեպին հաջորդել է սպանության համար կասկածվող Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, նրա հարազատներին ու ընկերներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։ Ամբողջ գիշեր քաղաքում հատուկջոկատայիններն են հսկել: Կան վիրավորներ։  Այս պահին էլ ահազանգեր են հնչում, որ մարդիկ եւ իրենց ընտանիքները մահվան սպառնալիքներ են ստանում։

Հետընտրական խժդժություններ են Բելառուսում։ Արդեն 26 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, կարծես 7-րդ անգամ է հաղթում նախագահի ընտրություններում․ նախնական տվյալով՝ նա 80 տոկոսից ավելի ձայն ունի։ Մարդաշատ հանրահավաքներ կազմակերպող տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայան ունի 6 տոկոս։ Ընդդիմությունը չի հաշտվում պարտության մտքի հետ եւ Մինսկում արդեն ընտրության օրվանից անկարգություններ են։ Իրավապաշտպան Վալենտին Ստեֆանովիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ դրանցում մեկ մարդ է զոհվել, կան ծանր վիրավորներ։

Միսնկում ցուցարարների ուղղությամբ կրակելու կադրերը հայտնվել են համացանցում։ Տեսանյութը հրապարակել է Telegram–ի Nexta LIVE ալիքը։

Telegram–ի «Readovka» ալիքի փոխանցմամբ, ուժայինները ռետինե գնդակներ են օգտագործել։ Անկարգություններից, պաշտնական տվյալով, վիրավորվել է 50 քաղաքացի եւ 39 իրավապահ։ Լուկաշենկոն բառացի հայտարարել է՝ ընտրությունները տոն էին, որը փչացրին արեւմուտքից սնվող ոչխարները։

Լուկաշենկոյին, ընտրվելու առիթով շնորհավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը։ Գագիկ Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ նրա շնորհիվ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան՝ էլ ավելի ամրապնդելով երկու ժողովուրդների եղբայրական և բարեկամական կապերը:

Ավելի ուշ Մինսկ ուղերձ է հղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա  շնորհավորել է  Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու առիթով,  Համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով իրենք կշարունակեն ընդլայնել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը:

Երեւանի Զվարթնոց օդանվակայանից շաբաթ օրն առաջին ինքնաթիռն է մեկնել Բեյրութ` օգնություն հասցնելու հուժկու պայթյունից տուժած  քաղաքին: Լիբանան է ուղարկվել  դեղորայք, բուժսարքավորումներ, սնունդ եւ այլ պարագաներ:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից զոհվել է 13 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան անհետ կորածներ:  Անհապաղ Հայրենիք տեղափոխվելու համար Բեյրութում ցուցակագրվել է 40 մարդ։

Կիրակի եւս մեկ ինքնաթիռ է մեկնել Բեյրութ․ ուղարկվող տուփերի վրա գրված է՝ «Արցախի ժողովրդից Լիբանանին»: Եվս մեկ հատուկ չվերթ տեղի կունենա օգոստոսի 11-ին, որով օգնություն կուղարկվի հայ համայնքին, մասնավորապես՝ գույք ու մթերք:

Իսկ Լիբանանում հումանիտար աղետին գումարվել է քաղաքական ճգնաժամը։ Հանգստյան օրերին կառավարության գործողություններից դժգոհ ցուցարարները ներխուժել են տարբեր նախարարություններ, բախվել իրավապահների հետ, կան զոհեր ու վիրավորներ, Բեյրութ զորքեր են մտցվել։ Անվտանգության ուժերն օգտագործում են արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ։

Հայաստանում  անցած մեկ օրում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 23 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը  40433 է,  մահացածներինը՝ 1024:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Զինված ուժերի զորամասերից մեկը։ Կառավարության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շրջել նաև ճաշարանում։ Անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների վարչապետը խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Սեւանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման եւ դրանք քողարկված ձեւով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով  ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր: Ապօրինի արդյունահանվել է ընդհանուր առմամբ 127 տոննայից ավելի սիգ տեսակի ձուկ։

Հանդուգն հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այսօր,11։30-ին մոտ 2 դիմակավորված անձինք Ալավերդիում ներխուժել են  ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։ Իրավապահները փորձում են ընկնել նրանց հետքի վրա։

Այսօր պարետատան նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:  Ֆեյսբուքյան իր էջում գրելով այս մասին կրթության նախարար Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնել է, որ բուհերի եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.23 դրամով եւ հասել 485.23 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է  2.49 դրամով ու կազմել  570.68 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է  1.44 դրամով ու կազմել է 633.52 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0.01 դրամով ու հասել 6.59 դրամի:

Հայաստանի որոշ շրջաններում օգոստոսի 11-ին ցերեկը սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ կտեղա: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրվա ընթացքում աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19 +21, վաղը ցերեկը` +31 +33: