Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների սահմաններով ապրանքների տեղափոխման վիճահարույց հարցերը վերացնելու «ճանապարհային քարտեզը» քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամների եւ անդամ-երկրների լիազոր ներկայացուցիչների կողմից՝ ԵԱՏՄ տարածքում Տարաձայնությունների եւ վեճերի վերացման ու ապրանքների ազատ տեղաշարժի հարցերով հանձնաժողովում, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Հանդիպումն անցել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարությամբ, որին մասնակցել են նաեւ ԵՏՀ կոլեգիայի անդամները՝ մաքսային համագործակցության նախարար Օլեգ Պանկրատովը, տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն, առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Ժակսիլիկովը եւ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը:

Միության պետությունները ԵՏՀ-ին են ներկայացրել իրենց առաջարկները: Կողմերը քննարկել են միջոցառումների ծրագրի ձեւավորման վերաբերյալ տարբեր մոտեցումներ: Ինչպես նշել է Միխայիլ Մյասնիկովիչը, ԵԱՏՄ-ում ապրանքների տեղափոխման հետ կապված վիճելի իրավիճակները լուծելու համար օպերատիվ հանձնաժողովի դերը «այնպիսի որոշումների մշակումն է, որոնք չի հաջողվել կայացնել նախորդ տարիներին»:

Հանդիպման արդյունքում որոշվել է կառուցել «ճանապարհային քարտեզ»` առաջարկները բաշխել կոլեգիայի հատվածներին, որտեղ ԵՏՀ ներկայացուցիչներն այնուհետեւ դրանք ավարտին կհասցնեն կողմերի փորձագետների հետ, ներառյալ ապրանքների հետագծելիության խնդիրը: Տեխնիկական բյուրոն կզբաղվի առաջարկությունները ի մի բերելով, ներառյալ՝ ռիսկերի հայտնաբերումը: Մշակված նախաձեռնությունները կուղարկվեն կողմերին՝ քննարկման համար:

Միջոցառումներն առաջարկվում է նաեւ բաժանել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետների: «Երկարաժամկետ միջոցառումներն իրավունք ունեն մեր «ճանապարհային քարտեզի» մաս լինել, նույնիսկ եթե դրանք որոշակի չափով կրկնօրինակում են ռազմավարական զարգացման ուղղությունների մինչեւ 2025 թվականի նախագիծը»,- կարծում է Միխայիլ Մյասնիկովիչը: «Օպերատիվ հանձնաժողովը հենց ռազմավարական ուղղությունների իրականացման մեխանիզմ է»:

Նիստի մասնակիցներին, «Վերին Լարս» անցակետով Հայաստանից ապրանքների փոխադրման հետ կապված մաքսային հսկողության օրինակով, ներկայացվել են առաջարկներ՝ պայմաններ ստեղծելու՝ միության անդամ երկրների սահուն տեղաշարժն ապահովելու համար մի անդամ-պետության տարածքից, որը չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ որեւէ երկրների հետ, այլ անդամ պետություն՝ հաշվի առնելով նավիգացիոն կնիքներն օգտագործող ապրանքների փոխադրման վերահսկողությունը: Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ նախագիծը հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ մյուս երկրների համար:

Հուլիսի 10-ին ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ ԵՏՀ խորհուրդը կարգադրել էր ստեղծել հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում ապրանքների փոխադրման հետ կապված վեճերը լուծելու համար: Հանձնաժողովը մշակում է «ճանապարհային քարտեզ»` տարաձայնությունները, վիճելի իրավիճակները վերացնելու եւ ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժի ազատությունն ապահովելու համար: