NEWS.am–ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից և օգոստոսի 7–ին ներկայացել աշխատանքի։ Մեր տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի արձակուրդի ժամկետն է լրացել, իսկ Արևիկ Պետրոսյանն ընդհատել է արձակուրդը և հետ վերադարձել։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Ավելի ուշ՝ օգոստոսի 3–ին, Արևիկ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել էր, որ փոստով կամ որևէ այլ եղանակով չի ստացել իրեն ամենամյա արձա¬կուրդից հետ կան¬չելու կար¬¬գա¬¬դրությունը։ Իսկ օգոստոսի 5–ին Հրայր Թովմասյանն էլ «Հետք»-ին էր հայտնել, որ չի ստացել Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը։

Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Նման պայմաններում Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։

Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը՝ ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել, իսկ ՍԴ նախագահի կարգադրությունը չկատարելը կարող է համարվել Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախատում և Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են։ Հիշյալ դատավորները, սակայն պնդում են, որ Սահամանադրական փոփոխությունները կատարվել են օրենքի խախտմամբ և դեռևս հուլիսի սկզբին իրենց իրավունքների խախտման հետ կապված գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ։