Բելառուսի իրավապահ մարմինների ստորաբաժանումները երկուշաբթի երեկոյան սկսել են ցրել Մինսկի կենտրոնում հավաքված մի քանի հազար ցուցարարներին: Բողոքի ցույցի մասնակիցները երկու կողմից սեղմվել են անվտանգության ուժերի կողմից, որից հետո ամբոխը սկսել է ցրվել մոտակա բակեր:

Լսվում են գոռոցներ ու լուսաձայնային նռնակների պայթյուններ: Դեպքի վայր են մեկնել Բելառուսի ներքին զորքերի ստորաբաժանումները: Ցուցարարների ակտիվ ձերբակալությունները շարունակվում են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բելառուսական Բրեստ քաղաքում ոստիկանների եւ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների միջեւ սկսվել են բախումներ, հայտնում է Sputnik Belarus-ը:

Գործակալության տվյալներով՝ անվտանգության ուժերի հետ առճակատումը սկսվել է Մաշերովի պողոտայի եւ Տիեզերագնացների պուրակի խաչմերուկում:

«Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են պայթեցնում, ի պատասխան՝ ցուցարարները շշեր եւ աղբարկղեր են նետում իրավապահների ուղղությամբ: Մարդիկ հարձակվում են իրավապահների վրա, աշխատակիցները վահաններով են պաշտպանվում»,- ասվում է գործակալության Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:

Բրեստում բողոքի ցույցի մասնակիցները պողոտայի վրա տեղադրված նստարաններից բարիկադներ են կառուցել եւ կանգնած են դրանց հետեւում: Ինչ-որ մեկը քանդել է նստարանները՝ փայտե մասերը որպես զենք են օգտագործվում, իսկ բետոնե մասերը դրվել են բարիկադների վրա:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են նաեւ Գրոդնոյում բողոքի ցույցերը ցրելու մասին:

Նշենք, որ բելառուսական լրատվական կայքերի մեծ մասը կրկին անհասանելի է: