Այս շաբաթ մեզ կրկին վիճակված է դեժավյուի զգացողություն վերապրել. մարտ ամսից ի վեր՝ արդեն հինգերորդ անգամ, այս մասին գրում է «Գոլոս Արմենիի»-ն` զարգացնելով թեման: «Խորհրդարանը կրկին կկազմակերպի «հատուկ նիստ» կոչեցյալ ընկերական ցերեկույթ, որպեսզի ի գիտություն ընդունի արտակարգ դրության ռեժիմը հերթական անգամ երկարաձգելու կառավարության որոշումը։

ՄԻ ԱՅԴՊԻՍԻ ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՅԹ, որի ընթացքում օրենսդիր իշխանությամբ թյուրիմացաբար օժտված կառավարող խմբակցության տղաներն ու աղջիկները ճշտակատար կերպով, ինչպես դպրոցական ցերեկույթի ժամանակ, կտան իրենց հանձնարարված «ճշգրտող» հարցերը՝ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտության և այն մասին, որ առայժմ նպատակահարմար չէ դա փոխարինել արտակարգ իրավիճակի ռեժիմով: Կլսեն նույնպիսի սերտած պատասխաններ, գլուխները կտմբտմբացնեն…

Իսկ խորհրդարանական ընդդիմությո՞ւնը։ Բարգավաճները գոնե ինչ-որ գործունեություն ծավալեցին. նախ, երբ արտակարգ դրության ընթացքում իշխանությունը որոշեց վերջ տալ Սահմանադրական դատարանի անկախությանը, նրանք դիմեցին ՍԴ՝ նման որոշումների իրավազորության առնչությամբ, այնուհետ հավաքների ազատության այդչափ երկարաժամկետ սահմանափակման անընդունելիության հետ կապված՝ ներկայացրեցին ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հետ համատեղ մշակած այլընտրանքային նախագիծ արտակարգ դրության երկարացման մասին ԱԺ-ի որոշմանը, ապա նույն եռյակով դիմեցին Գլխավոր դատախազություն՝ երեք հոդվածներով հանցագործության մասին հաղորդումով. իշխանության յուրացում, սահմանադրական կարգի տապալում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում…

Իսկ ինչո՞վ է զբաղված «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որն ապրիլից ի վեր միապաղաղ կրկնում է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս մեկ անգամից ավելի երկարաձգել արտակարգ դրությունը։ Որ անընդունելի է արգելել մարդկանց արտահայտել սեփական դժգոհությունը, վախեցնելով ոստիկանություն բերման ենթարկումով։ Որ ՍԴ-ի հարցն արտակարգ դրության ժամանակ լուծելը, այն էլ այդքան կասկածելի կերպով, հակասում է Հիմնական օրենքին։ Այսօր ԼՀ առաջնորդը ցասումնալից ստատուսներ է գրում Ֆեյսբուքում, որ… «արտակարգ դրությունը երկարաձգումը խայտառակ որոշում է», նշելով, որ դա «ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ» և վկայում է «որևէ այլընտրանք իրագործելու կառավարության անընդունակության» մասին: Նա իր զինակիցների հետ շրջում է քաղաքներով ու գյուղերով ՝ ստեղծելով բուռն գործունեության երևութականություն, դիմելով կառավարությանը տեղային, մանր խնդրանքներով, թե իբր՝ կառավարությունից դրական որոշում ենք ակնկալում կարտոֆիլի և լոբու դաշտերի կարկտահարությունից տուժած համայնքներին օգնելու առնչությամբ։ Իհարկե, դա կարևո՛ր է։ Բայց ի՞նչ գրողի տարած կարտոֆիլ, պարոն Մարուքյան, ի՞նչ լոբի՝ հանրապետությանը նետված գլոբալ կարևոր ու ներքին մարտահրավերների խորապատկերին։ Եվ այս կուսակցությունը սպառնում էր ներկայիս իշխանությանը զբաղեցնել նրա տե՞ղը։ Թեպետ, սրանց դեպքում դա իսկապես սպառնալիք է, մրից ելնելով մրջուրն ընկնելու վտանգ։

ԱՍԵՆՔ, ԿԱՐՏՈՖԻԼԻ ԵՎ ԼՈԲՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ «լուսավորները» որոշեցին ինքնագովազդել նաև Ամուլսարի հետ կապված բողոքի ալիքի վրա, որից հետո նրանց առաջնորդի ֆեյսբուքյան պատին հայտնվեց մեկ այլ զայրալից գրառում, թե «քաղաքացու՝ բողոք արտահայտելու բոլոր խողովակները խցանված և անարդյունավետ են»: Նրա խոսքերով, երկու տարիների ընթացքում քաղաքացու բողոքի ձայնը տեղ հասցնելու նոր կառուցակարգեր չեն ստեղծվել, իսկ առկա կառուցակարգերը կա՛մ արտակարգ դրության պատճառով հակաիրավական են որակվում, կա՛մ իշխանության կողմից ընկալվում են որպես «նախկինների ջրաղացին ջուր լցնել», կա՛մ էլ պարզապես անտեսվում են։ Ճիշտ նույն կերպ էլ իշխող ուժի կողմից տապալվել են քաղաքացիների դժգոհությունն իշխանությանը հասցնելու խորհրդարանական բոլոր մեխանիզմները, վրդովվում է Մարուքյանը սոցցանցում ՝ կոչ անելով իշխանություններին չանտեսել քաղաքացիների բողոքի ձայնը։

Համաձայնեք, հասարակությունը իր լծակներն ունեցող խորհրդարանական ընդդիմությունից այսօր ակնկալում է բնավ ոչ դա, բնավ ոչ սրընթաց երթեր քաղաքներով ու գյուղերով և զայրալից գրառումներ սոցցանցերում։ Եթե, իհարկե, նա՝ այդ ընդդիմությունը, իրական է։ ԼՀ-ն կարող էր ԲՀ-ի հետ մեկտեղ վայր դնել մանդատները, դե, կամ էլ գոնե դիմել ՍԴ։ Սակայն ԼՀ-ն նախընտրեց ոչ միայն չանել դա, այլև փայտ խրել այնուամենայնիվ ՍԴ դիմել մտադրված բարգավաճների անիվների արանքը, փորձելով համոզել, թե ԲՀ խմբակցության 26 ձայները դրա համար բավարար չեն։ Կարող էր անել... Բայց լուրջ դերի, իշխանությանը խորհրդարանական ընդդիմության հետ իրապես հաշվի նստել ստիպող գործողությունների փոխարեն գերադասեց մանրապճեղ «կարտոֆիլային ընդդիմության» դերը։ Տպավորություն է ստեղծվում, որ նա առանձնապես չի հակաճառում արտակարգ դրության ռեժիմի արհեստական երկարաձգումով իր համար կայունություն ապահովելու իշխանության ցանկությանը, և պարզապես սպասում է։ Առանց լարվելու, ոչինչ չձեռնարկելով, սպասում է, թե երբ է ժողովրդի դժգոհությունը հասնելու իր բարձրակետին, որպեսզի բռնի բողոքի ալիքը։ Միայն թե ժողովրդի մասին հոգատարությունն այստեղ կապ չունի…»: