Թուրքիան չի հրաժարվի Արեւելյան Միջերկրածովում իր ծրագրերից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի արդյունքներով ասուլիսի ժամանակ, հաղորդում է Anadolu-ն:

Ընդ որում, նա հայտարարել է, որ Անկարան «մշտապես պատրաստ է լուծել Արեւելյան Միջերկրածովում տարաձայնությունները երկխոսության ճանապարհով եւ իրավահավասար հիմքով»:

Նրա խոսքով՝ Միջերկրածովի երկրները պետք է բանաձեւ մշակեն, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:

Ավելի վաղ Հունաստանն անօրինական է անվանել Թուրքիայի գործողությունները: Թուրքիան նավ է ուղարկել Միջերկրական ծովի արեւելյան հատված սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու համար: Թուրքիայում նշել են, որ Oruc Reis նավը կաշխատի այդ շրջանում երկու շաբաթվա ընթացքում:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի պաշտպանության հարցերով կառավարական խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկել է թուրքական սադրանքին պատասխանելու միջոցները:

Հանդիպումից հետո Հունաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում Թուրքիային կոչ է արել դադարեցնել անօրինական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: