NEWS.am- ի հետ զրույցում Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը խոսել է Լիբանանում տիրող իրավիճակի մասին եեւ կիսվել իր կանխատեսումներով:

Խնդրում եմ, պատմեք, թե ինչպիսի՞ ն է  ստեղծված իրավիճակը երկրում եւ ի՞ նչ է սպասվում

Իրավիճակը շատ ծանր է. հետեւանքները լայնածավալ են` տնտեսական, նյութական, բայց հիմնականում` բարոյահոգեբանական: Մարդկային զոհեր, ավերածություններ: Մարդիկ կամաց-կամաց սկսում են ուշքի գալ, մաքրել իրենց տները, պատուհաններ եւ դռներ տեղադրել: Այստեղ արժե նշել, որ Լիբանանը նույնիսկ պայթյունից առաջ էր հայտնվել ֆինանսական ծանր վիճակում, ինչին ավելացան նաեւ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները: Սա փաստացի հանգեցրեց բիզնես գործունեության դադարեցմանը: Խնդիրներ են կուտակվել:

Վարչապետը նախօրեին հրաժարական տվեց: Բնականաբար, դա հանգեցրեց ողջ կառավարության հրաժարականին: Անհայտ է, թե երբ կսկսվեն բանակցությունները` հաշվի առնելով, որ չորս պատգամավոր հրաժարական են տվել: Իրավիճակը բավականին անորոշ է, եւ այժմ դժվար է կանխատեսել, թե որ ճանապարհով է գնալու երկիրը: Ակտիվորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը: Բայց նույնիսկ դա է դժվար կանխատեսել, թե երբ եւ ինչպես կարող են անցկացվել ընտրություններ, քանի որ անհրաժեշտ է օրինագիծ մշակել, եւ այն պետք է ստանա բոլոր կողմերի հավանությունը: Այս պահի դրությամբ այս հեռանկարը շատ անորոշ է: Այնուամենայնիվ, ամեն ինչ գնում է արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ:

Ընտրությունների անցկացումը, անկասկած, կապված է լրացուցիչ ծախսերի հետ: Արդյո՞ք Լիբանանը կարող է դա իրեն թույլ տալ

Բնականաբար, ազգային մասշտաբով ցանկացած իրադարձություն ֆինանսավորում է պահանջում: Բայց նույնիսկ հիմա` կառավարության հրաժարականից հետո, պետական ​​մարմինները շարունակում են գործել, իրավապահ համակարգը, նախարարների կաբինետը, ըստ սահմանադրության, շարունակում են աշխատել, եւ կշարունակեն մինչեւ նոր նախարարների նշանակումը: Նրանք նոր որոշումներ չեն ընդունի եւ կառավարության նիստեր չեն անցկացնի, սակայն բոլորը շարունակում են կատարել իրենց գործառույթները: Կա խորհրդարան, կա նախագահ, նախարարներն աշխատում են:

Հասա՞վ արդյոք օգնությունը հասցեատերերին:

Նախատեսված է Հայաստանից մարդասիրական օգնության երեք թռիչք: Առաջին երկու թռիչքն արդեն իրականացվել է, օգնությունը հասել է Բեյրութ, եւ այն նախատեսված է տուժածների համար, ոչ միայն` համայնքի ներկայացուցիչների:

Ըստ Ձեզ` լիբանանահայերից շատերը կցանկանա՞ն լքել Լիբանանն եւ տեղափոխվել Հայաստան

Այժմ առաջնայինը հայ համայնքի վերականգնումն է` բնակարանային, համայնքային կառույցները, դպրոցները, թերթերը, եկեղեցիները, բոլոր այն հենասյուները, որոնց վրա հիմնված է համայնքը: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ ցանկացած աղետ բնակչության արտահոսք է հրահրում: Բնականաբար, նման ցանկություններ առաջանում են: Եվ այստեղ անհրաժեշտ է համոզվել, որ Լիբանանից հեռացող հայերն իրենց հայացքներն ուղղել են դեպի իրենց պատմական հայրենիքը:

Արդյո՞ք պայթյունի հետեւանքով տուժել է ձեր թերթի գրասենյակը

Խմբագրությունը տուժել է: Պայթյունի պահին ես գրասենյակում էի: Պատուհաններն ու դռները կոտրվել են: Վնասվել է ժողովի դահլիճը: Խմբագրությունը մեծ նյութական վնաս է կրել, ուստի մենք դիմել ենք մեր օտարերկրյա ընթերցողներին` խմբագրությունը վերականգնելու հարցում օգնության խնդրանքով: Մեր խմբագիրներից մեկը տանն էր` նավահանգստի տարածքում: Նա լուրջ վնասվածք է ստացել, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: