ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին ժամը 13:00-ին:

Այսօրվա նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը ներկաներին հայտնեց, որ դատարանը ստացել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի հայտարարությունն այն մասին, որ հաշվի առնելով հանկարծակի առաջացած խնդիրները՝ նիստին չի մասնակցի:

Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ այլ փաստաբանի չի կարող հրավիրել:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անհարգալից վերաբերմունք անվանեց փաստաբանի բացակայությունը՝ հայտարարելով, որ դա ոչ այլ ինչ է, քան գործընթացի ձգձգում:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հետաքրքրվեց, թե ինչպես դատախազը կարող է նման բան հայտարարարել: «Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է պատահել փաստաբանի հետ: Հարցերը նրան անձամբ պետք է ուղղվեն: Իսկ դատավորի ներկայությամբ նման պնդումներն անթույլատրելի են եւ պետք է համապատասխան հետեւանքներ ունենան»,-հիշեցրեց փաստաբանը: Նման կարծիք հայտնեցին նաեւ այլ փաստաբաններ:

«Դա իրավաբանի մոտեցում չէ՝ գնահատել այն, ինչի հանգամանքներն իրեն հայտնի չեն»,-հիշեցրեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ հենց դատարանի մեղքով են նիստերը բազմիցս հետաձգվել առանց որեւէ բացատրության:

Դատավորը հայտնեց, որ օգոստոսի 5-ին Վարդգես Գեւորգյանը հայտնել է, որ այլեւս փաստաբանական ծառայություններ չի մատուցի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Արմեն Գեւորգյանի մեկ այլ փաստաբանից՝ Էրիկ Ալեքսանյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նա արձակուրդի մեջ կգտնվի օգոստոսի 12-ից օգոստոսի 20-ը եւ օգոստոսի 22-ից սեպտեմբերի 11-ը: Այդ կապակցությամբ փաստաբանը խնդրել է հետաձգել նիստը: Այս նորությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը, որն առիթը բաց չթողեց պաշտպանությանը մեղադրել գործընթացը ձգձգելու մեջ: Պաշտպանության  կողմին հիշեցրեցին, որ հանգստի իրավունքն ամրագրված է Սահմանդրությամբ, իսկ տուժող կողմը վրդովմունք չի հայտնել դատավորի արձակուրդի առնչությամբ: Ինչպես նաեւ նշեցին, որ դատական դեպարտամենտն իր կայքում չի նշել արձակուրդների ժամկետները, ինչի պատճառով փաստաբանները ստիպված են եղել արձակուրդ վերցնել իրենց հայեցողությամբ:

Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց ամբաստանյալների շահերը պաշտպանելու համար հասարակական պաշտպանների ներգրավման համար, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն: Փաստաբան Հայկ Ալումյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Եգորյանն իր ելույթը ձեւակերպեց որպես դիրքորոշման արտահայտում, սակայն միջնորդություն ներկայացրեց: Իսկ ներկայիս կազմով միջնորդությունը չի կարող քննարկվել: «Եթե գործընթացն արագացնելու համար սխալ ճանապարհ ընտրենք, ապա կամ փաստաբանները զուտ ֆորմալ բնույթ կկրեն՝ նույնիսկ չծանոթանալով գործի նյութերին, կամ էլ կրկին կհետաձգենք գործընթացքը, որպեսզի նրանք ծանոթանան: Դա նշանակում է գործը հետաձգել 2-3 ամսով: Այսինքն՝ առաջարկը նպատակ ունի դադարեցնել գործընթացը»,-նշեց Ալումյանը:

Դատարանը համաձայնեց, որ այժմ չի կարող քննարկել միջնորդությունն ու Եգորյանին առաջարկեց ավելի ուշ կրկնել միջնորդությունը: Դատավորը նաեւ հաստատեց բոլորի՝ արձակուրդ մեկնելու իրավունքը:

Հաշվի առնելով բոլոր վերոնշյալ հանգամանքները՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց նիստը: