Նախօրեին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը հեռացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնից, իսկ ակումբի նոր նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։  NEWS.am-ը զրուցել է Տիգրան Վիրաբյանի հետ։

Պարոն Վիրաբյան, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք ընտրվեցիք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար, ի՞նչ առնչություն ունեք ֆուտբոլի հետ։

Ֆուտբոլի հետ կապը շատ փոքր տարիքից է եղել, ինքս Գյումրիում ֆուտբոլ եմ պարապել, հենց «Շիրակ» ֆուտբոլային ակումբում՝ 6 տարեկանների խմբում։ Այդ ժամանակներից սկսած ինձ համար  «Շիրակը» ընտանիքի պես մի բան է, որտեղ բոլորս  ամուր կապված ենք «Շիրակի» հետ։ Ես այդ ժամանակները շատ լավ հիշում եմ, մենք նույնիսկ օրեր էինք անցկացնում ճանապարհներին, որպեսզի «Շիրակի» հետ գնայինք բոլոր  արտագնա խաղերին՝ լինելով 6, 7, 8, տարեկան։  Նաև հիշում եմ, երբ երեկոյան խաղ պիտի լիներ, մենք առավոտյան պարապմունք էինք ունենում, նույնիսկ մարզադաշտից տուն չէինք վերադառնում, օրն այնտեղ էինք անցկացնում,  դրա համար «Շիրակը» ցանկացած գյումրեցու համար, ինչպես նաև իմ,  լեգենդար ակումբ է, չկա մարդ, որը չապրի «Շիրակով», եթե ինքը ծնունդով  գյումրեցի կամ շիրակցի է։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարի պաշտոնում ընտրվելն ինչպե՞ս ստացվեց, Ձեզ առաջարկ եղե՞լ էր։

Վերջին տարիներին ես շատ սերտ համագործակցություն ունեմ «Շիրակ» ակումբի հետ, երբ ես աշխատում էի Գյումրիի թատրոնի տնօրենի պաշտոնում, մենք մի շարք նախագծեր ենք իրականացրել միասին։ Ակումբի ներկայությունը միշտ եղել է  Գյումրիի դրամատիկական թատրոնում։ Շատ լավ հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավար կազմի հետ։ Երեկ ակումբի նախկին ղեկավարը ծավալուն հարցազրույց էր տվել՝  հրաժարականի մանրամասները ներկայացնելով։ Մենք  նաև թիմի հետագայի հետ կապված մի շարք քննարկումներ ենք ունեցել միասին և եկել ենք այն եզրակացությանը, որ այս պահին սա ճիշտ լուծում է քաղաքի, թիմի, ակումբի համար։ Ինքը հասարակական գործունեություն է, որը տվյալ պահին համատեղվում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ, իրավական ոչ մի խոչընդոտ չկա։ Հասարակական կազմակերպության ղեկավարի ընտրության բոլոր ընթացակարգերով անցել է բոլոր փուլերը ևս ես ընտրվել եմ։

Ամեն դեպքում, Դուք քննարկում ունեցե՞լ եք  ակումբի նախկին ղեկավարի հետ։

Առաջարկն արել է պարոն Սահակյանը, մենք միասին ենք կայացրել այդ որոշումը։ Մենք երկար ժամանակ քննարկում էինք, որովհետ շատ դժվար է նաև Արման Սահակյանի համար, որովհետև նա տասը փայլուն տարիներ է անցկացրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ, մի շրջան կար, երբ  շատ բարդ էր ակումբի համար և այդ բարդ շրջանից թիմը հանել, տանել չեմպիոնության, պարտադիր խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոլիգայի համար, որովհետև «Շիրակի» առջև դրված խնդիրը վերջին  10 տարիներին միայն չեմպիոնական տիտղոս ունենալու համար է եղել պայքարը, բայց, այնումանենայնիվ, տեսաք վերջին իրադարձությունները՝ ընդամենը մեկ տուր առաջ։ Ըստ իս՝ անազնիվ մրցավարության հետևանքով «Շիրակը» ևս մեկ անգամ պատմության մեջ զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից և այս առումով մենք մտածելու, փոխելու բան ունենք։ Մենք անընդհատ  խոսել ենք, որ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում 100-ավոր երեխաներ են  հաճախում և իրենք պետք է կարողանան բարձրագույն խմբում հստակ խաղաժամանակ ստանալ։ Մենք ի սկզբանե՝ այդքան մեծ կազմով լեգիոներների մասնակցությանը դեմ ենք եղել, որովհետև մեր տեղի ֆուտբոլիստներին քիչ խաղաժամանակի հնարավորություն ենք տալիս, և սա կլինի ըստ իս՝ գոնե եթե ոչ բառացիկ, ապա բացառիկներից մեկը, որ «Շիրակի»  հիմնական կազմում, չնայած այդպես  էր նաև մինչև այսօր, մեծամասնությունը հայ, գյումրեցի ֆուտբոլիստներ էին, բայց այս փոփոխություններից հետո խաղադաշտում կլինեն առավելապես հայ ֆուտբոլիստները։

Ակումբի նախկին նախագահը «Ցայգ» մարզային հեռուստաընկերությանը տված հարզացրույցում նշել էր, որ  այժմ «Շիրակը»  բարդ փուլ է մտել, որովհետև առաջին անգամ «Շիրակի»  առաջ դրած չի չեմպիոն դառնալու նպատակ։ Այս իրավիճակում, երբ ինքներդ էլ ասում եք, որ փոփոխությունների կարիք կա, ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ է սպասվում ակումբին։

Թիմը հիմա համալրման փուլում է։ Ես վստահ եմ, որ մենք ակտիվ աշխատանքի արդյունքում լավ համալրումներ կունենանք։ Պիտի նշեմ, որ «Շիրակը» որպես աշխատող, գործող մեխանիզմ Հայաստանում ամենակայացածներից է իր պատմությունով, և այսօրվա և՛ մարզիչների կազմը, և՛ ղեկավար կազմը, և՛ աշխատանքային մնացած օղակները ժամանակի ճշգրտությամբ, փայլուն կատարում են իրենց աշխատանքը, վստահ եմ՝ շատ արագ այս փոփոխություններին մենք հարմարվելու ենք և կարողանալու ենք ճիշտ ընտրություն կատարել։ Վստահ եմ նաև, որ այն ֆուտբոլիստները, որոնք «Շիրակում» պահեստայինների նստարանին էին, հստակ խաղաժամանակ ստանալով իրենց լավագույն արդյունքներն են ցուցադրելու։ Վերջին ապացույցը «Շիրակի» վերջին ընկերական խաղն էր, որտեղ երիտասարդ կադրերից մեկը միանգամից հեթտրիկի  հեղինակ դարձավ, դա նշանակում է, որ ստացած հստակ խաղաժամանակում ցուցադրեց իր լավագույն արդյունքները։ Մենք այս տարին օգտագործելու ենք, որպեսզի կարողանանք ամուր հիմքեր ստեղծել, և վերադառնալ հաջորդ մրցափուլին, որպեսզի չեմպիոնության համար պայքարենք, ինչը նշանակում է, որ այս տարի չի բացառվում՝ «Շիրակը»  նույնպես բարձր հորիզոնականներ կզբաղեցնի, որովհետև «Շիրակը» նաև ոգին է, այն նվիրյալ երկրպագուներն են։ «Շիրակի» կյանքում դժվարին տարիներ են եղել, երբ ակումբի կացությունը բարդ էր, այդ երկրպագուները  մարզադաշտում՝ իրենց թիմի կողքին էին։ Ես վստահ եմ,  որ ունենալով նման երկրպագուների բանակ, նման փայլուն աշխատակազմ, մարզիչների կազմ, երիտասարդ կադրեր Շիրակի հողից, այս ամեն ինչով ուղղակի պետք է ապաշնորհ լինես, որ թիմի հետագան ձախողես։ Մենք նաև պիտի ընդունենք, որ թիմի նախկին նախագահը  դուրս գալով այդ պաշտոնից չի հեռացել «Շիրակից», որովհետև դժվար էր նման տարիներին գալ, վերցնել մի թիմ, տասը տարի պատրաստել, լավագույններից մեկը սարքել, բայց ամեն անգամ մի պատմության մեջ հայտնվելով զրկվել չեմպիոնական  տիտղոսից, ինչը եղավ այս տարի «Շիրակ»–«Նոա» խաղի ժամանակ։

Դուք խոսեցիք համալրումների մասին, իսկ թիմից գնացողներ  հնարավո՞ր է լինեն։

Մինչև այս եղել են մարդիկ, որոնք հեռացել են թիմից, կլինեն նորերը, որոնք կգան «Շիրակ», այս առումով ակումբը միշտ բաց է եղել և ամեն տարի մի շարք փոփոխություններ են եղել։ Թիմն ավելի երիտասարդանում է, համալրվում է  Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաներով, թիմը նայլ այլ հայ ֆուտբոլիստների է իր աչքի տակ առել և հրավիրում է։ Չեմ բացառում, որ հետագայում ևս կլինեն լեգիոներներ, որոնք կհամալրեն «Շիրակի» կազմը, բայց դա չի կարող լինել գերակշող մասը։ Չի կարող խաղադաշտ դուրս գալ 11 հոգի, և նրանց մեջ մենք չունենանք ոչ մի հայ։ Եթե Հայաստանի այլ քաղաքներում այդ սխեման ինչ-որ կերպ աշխատում է, Գյումրիում դա չի աշխատաում, որովհետև գյումրեցի երկրպագուներն իրենց տղերքին ուզում են տեսնել խաղադաշտում։

Պարոն Վիրաբյան, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, անհամաձայնություններ կային ակումբի և ՀՖՖ-ի մեջ, լարվածությունն ինչպես՞ կմեղմվի։

Մի անգամ՝  «Շիրակի»– «Նոա» խաղից հետո  շատ կոշտ գրառում էի արել կապված մրցավարի գործողությունների հետ, չնայած, որ փորձեցին այդ գրառումը այլ կերպ մեկնաբանել։ Ես գրել էի, որ հայկական ֆուտբոլի հոգեհանգիստը կկայանա Կոնդի եկեղեցում, վաղը՝ 18։00-ին և տակը նշել էի՝ հարգանքներով՝ «Շիրակ»– «Նոա» խաղի մրցավար Զավեն Հովհաննիսյան, սա նշանակում է, որ եթե մենք թույլ տանք, որ նման մրցավարությունով շարունակվի հետագա խաղերը, մենք մեծ խնդիրներ կունենանք։ Մենք տեսանք, որ ՀՖՖ-ն ոչինչ չարեց, արդարացրեց մրցավարությանը, բայց կարծում եմ, որ սա դրվագային երևույթ էր, մենք կկարողանանք գտնել աշխատանքային ուղի։ Մի կարևոր բան էլ հաշվի առնենք, որ սա մեկ տարվա պատմություն ունեցող թիմ չէ, որը հաջորդ մրցաշրջանում  կարող է չլինել։ Սա Գյումրիի «Շիրակն» է, որի հետ բոլոր ժամանակներում ֆեդերացիաները եղել են զգուշավոր, որովհետև հասկացել են, որ այս թիմը պատմություն ունի։ Իհարկե, մնացած հարցերում մենք կփորձենք մեր և իրենց լիազորությունների շրջանակում գտնել փոխհարաբերություններ՝ ի նպաստ «Շիրակի»։

Դուք Երևանի փոխքաղաքապետն եք, Ձեզ կհաջողվի՞ երկու գործը համատեղել։

Ես մեկուկես տարուց ավելի է՝ Երևանի փոխքաղաքապետն եմ, «Շիրակի» մի խաղ չենք ունեցել, որ ես բաց թողեմ, լինի Երևանում, թե՛ Գյումրիում։ Ի ուրախություն ինձ՝ Երևանում խաղերը 18։ 00-ից հետո են, որը հնարավորություն է տալիս մասնակցելու, ցավոք, Գյումրիում չենք կարողանում այդ ժամին խաղ անցկացնել և հազարավոր երկրպագուներ զրկված են երեկոյան ֆուտբոլ դիտելու, իրենց հարազատ թիմին երկրպագելու հնարավորությունից, որովհետև Գյումրիի մարզադաշտը չունի այն լուսավորման համակարգը, որը հնարավորություն կտա իրենց սիրելի թիմին երկրպագել։ Այս առումով կարծում են, որ մեր առաջնային խնդիրներներից պետք  է լինի սա, որպեսզի հնարավորություն ստեղծենք լավագույն մարզադաշտը Երևանից դուրս ունեցող քաղաքին, որպեսզի երկրպագուները հնարավորություն ունենան երեկոյան ժամերին գալ մարզադաշտ, ինչպես նաև միջազգային կարգի այլ խաղեր լինեն Գյումրիում։

Այնուամենայնիվ ես շաբաթ-կիրակի օրերին  բնակվում եմ Գյումրիում, և այդ օրերին բավական ժամանակ կունենամ հիմնական խնդիրներով զբաղվելու։ Առիթ ունեցել եմ ասելու, որ հայրենիքն ինձ համար սկսվում է Գյումրիից։ Այն ժամանակ, երբ գնում էինք մարզադաշտ և հազարավոր մարդիկ կային, նույնիսկ հնարավորություն չկար մարզադաշտ մտնելու, իմ ամենափայլուն երազներում չէի էլ կարող պատկերացնել, որ տարիներն ինձ կարող են բերել նրան, որ ես ակումբի հետ նման առնչություն ունենամ, դրա համար սա պիտի գնահատել, փայփայել, և նայել առաջ։