ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Ռիգայի փողոցից դեպի Արաբկիր 19-րդ փողոցի հատվածում մի քանի ավտոմեքենաներով մարդիկ են հավաքված եւ լսվում են կրակոցներ:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, դեպքի վայրի հարակից շինություններից առգրավվել են տեսանկարահանող սարքեր:

Իրականացված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, որոնք Երեւանի բնակիչներ են՝ 34 եւ 24 տարեկան: Նրանք ձերբակալվել են՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:  34-ամյա տղամարդուց վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենները, հաղորդման մեջ մատնանշված ավտոմեքենաները հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ: