ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) տեղեկություններ ունի Բեյրութում պայթյունից առնվազն երեք երեխայի մահվան մասին, եւ առնվազն 31 երեխա հոսպիտալացման կարիք ունի: Այս մասին երեքշաբթի օրը Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Մարիքսի Մերկադոն` շեշտելով, որ այդ տվյալները վերջնական չեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դեռ հեռու ենք երեխաների շրջանում մահվան եւ վիրավորների մասին ամբողջական թվերն ունենալուց,- ասել է նա:- Այս պահին մենք գիտենք, որ առնվազն երեք երեխա է մահացել, իսկ 31-ը հոսպիտալացման կարիք ունեն»: Ըստ UNICEF-ի գործընկեր կազմակերպությունների` «վիրավորների թվում կա մոտ 1000 երեխա», ասել է Մերկադոն:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել է 20 ուսումնական հաստատություն, որոնցում մոտ 8000 պատանի եւ երիտասարդ էր կրթություն ստանում, հայտնել է պաշտոնական ներկայացուցիչը: Բացի այդ, տուժել է 120 դպրոց: