Ընկերությունները Չինաստանից եւ այլ երկրներից, որոնք չեն համապատասխանում հաշվետվողականության ստանդարտներին, 2021 թվականի վերջից կհանվեն ԱՄՆ բորսայի ռեգիստրից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը, փոխանցում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ Մնուչինը եւ պաշտոնատար այլ անձինք ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին նման միջոցառում էին առաջարկել` ապահովելու համար, որ չինական ընկերությունները համապատասխանում են նույն կանոնակարգերին, ինչ եւ ամերիկյան ընկերությունները:

Նախարարի խոսքով` ակնկալվում է, որ հանձնաժողովը կհաստատի այդ առաջարկությունները: «Հաջորդ տարվա վերջից... նրանք բոլորը պետք է համապատասխանեն նույն խիստ հաշվետվողականության (ստանդարտներին), հակառակ դեպքում դրանք կհանվեն բորսաների ռեգիստրից»,- ասել է նա: