Պայթյունից խիստ տուժած Բեյրութի նավահանգստում դեռեւս հավանական վտանգավոր քիմիական նյութերով առնվազն 20 բեռնախցիկ կա, հայտնում է Associated Press- ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի խմբի անդամին, որը ժամանել է Լիբանան օգնելու վերացնել հետեւանքները:

Նրա խոսքերով՝ Ֆրանսիայից եւ Իտալիայից քիմիական նյութերի մի խումբ մասնագետներ, լիբանանյան փրկարարների հետ միասին, ներկայում աշխատում են բեռնախցերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Նա նշել է, որ դրանցից մի քանիսը պայթյունի ժամանակ ծակվել են, մեկից հեղուկ է հոսում: Associated Press-ի զրուցակիցը չի նշել, թե ինչ նյութերի մասին է խոսքը։

«Մենք նկատեցինք բեռնախցեր, որոնք ունեն քիմիական վտանգի նշան: Հետո նկատեցինք, որ մի բեռնախցից հեղուկ է հոսում»,- հավելել է Ֆրանսիայի խմբի անդամը:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում մի շարք հզոր պայթյուններ էին որոտացել: Վերջին տվյալներով՝ մահացել է առնվազն 100 մարդ, վիրավորվել է մոտ 4000 մարդ: Պայթյունի ալիքը ոչնչացրել է հսկայական թվով շենքեր, կոտրվել են ապակիներ եւ դռներ: Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունը զգացվել է նույնիսկ Կիպրոսում:

Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել, որը վեց տարի առաջ բռնագրավել են մաքսային ծառայությունները։