Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) ամեն տարի նշվում է օգոստոսի 12-ին եւ նպատակ ունի երիտասարդներին հիշեցնել աշխարհի զարգացման եւ կառուցման գործում իրենց դերի, ինչպես նաեւ իրենց ճանապարհին կանգնած առօրյա մարտահրավերների մասին։

Այն հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում 1998-ի օգոստոսի 8-12-ը անցկացված Երիտասարդության հարցերի նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով: Առաջին անգամ երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին:

Համաժողովը առաջարկել է կազմակերպել տոնին նվիրված քարոզչական միջոցառումներ՝ իրազեկության բարձրացման համար, հատկապես երիտասարդների շրջանում, մինչ 2000 թ. Երիտասարդությանը վերաբերող գործողությունների եւ հետագա ժամանակաշրջանի համաշխարհային ծրագրի մասին, որը Վեհաժողովի կողմից ընդունվել է 1995թ.։

Այսօր աշխարհում ռեկորդային թվով երիտասարդներ են ապրում` 10-24 տարեկան մոտ 1,8 միլիարդ երեխաներ եւ դեռահասներ։ 10 երեխաներից մեկը գտնվում է հակամարտության գոտում, ավելի քան կես միլիարդը աղքատության մեջ է, եւ նրանցից 24 միլիոնը դպրոց չի հաճախում: Ամեն օր մոտ 30 հազար երեխա է մահանում աղքատությունից: Ամեն օր 7 հազար երիտասարդ է վարակվում ՄԻԱՎ-ով: