Վաղը կառավարության արտահերթ նիստ կհրավիրվի, որի օրակարգում մեկ հարց է՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելը։ Հիշեցնեմ, որ անցած շաբաթ պարետատան նիստից հետո պարետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ, ըստ ամենայնի, արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց սահմանափակումներում կլինեն փոփոխոթւյուններ։

Կառավարության արտահերթ նիստից անմիջապես հետո Ազգային Ժողովն իրավունքի ուժով կգումարի հատուկ նիստ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հայաստանում անցած մեկ օրում մահացել է 13 կորոնավարակակիր, նրանց ընդհանուր թիվը 1037 է։ Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 40593-ի, նրանցից ապաքինվել է 33157-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր երկրում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ դառնալով 1957 թվականին արձակված՝ Երկրի առաջին արհեստական արբանյակի անվանակիցը։ «Պատվաստանյութը բավականին արդյունավետ է ազդում, կայուն իմունիտետ է ձեւավորում եւ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,- հավելել է Դաշնության ղեկավարը: Վիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի մոտ ապագայում:

Միացյալ Նահանգների նախագահի ճեպազրույցն ընդհատել են   գաղտնի ծառայության աշխատակիցները եւ արագորեն հեռացրել նրան դահլիճից, ինչպես հետո է պարզվել, մոտակայքում հնչած կրակոցների պատճառով: Մի քանի րոպեից  Դոնալդ Թրամփը վերադարձել է եւ հայտարարել, որ անվտանգության ուժերը Սպիտակ տան ցանկապատի մոտ կրակ են բացել զինված անձի վրա եւ նա հոսպիտալացվել է:  Պարզվել է, որ մի 51-ամյա տղամարդ անվտանգության աշխատակցին ասել է, թե զինված է, կտրուկ շարժումով հանել է ձեռքը գրպանից եւ գնդակ ստացել իր իրանին։

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, կարելի է ասել, փախել է Լիտվա, թեեւ որոշ աղբյուրներ էլ նշում են, թե իշխանությունն է հեռացրել նրան երկրից,  եւ տեսաուղերձ է հրապարակել, խոստովանելով, որ իշխանության համար պայքարում ինքը թույլ կին է: Ես մտածում էի, որ այդ քարոզարշավն ինձ կոփել է եւ այնքան ուժ է տվել, որ ամեն ինչի կդիմանամ: Սակայն այդպես էլ մնացի նախկին թույլ կինը: Ինձ համար շատ ծանր որոշում կայացրեցի, նշել է նա: Լիտվայի իշխանությունը հայտարարել է, որ Տիխանոսկայան անվտանգության մեջ է:

Ավելի ուշ Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է տարածել եւ իր հայրենակիցներին խնդրել է չդիմակայել ոստիկանությանը եւ դուրս չգալ հրապարակներ:

«Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Ես արյուն եւ բռնություն չեմ ուզում»,- ասել է 10 տոկոս ձայն հավաքած նախագահի թեկնածուն։

Իսկ Բելառուսում կյանքը դեռ չի վերադարձել բնականոն հուն։ Մոլոտովյան կոկտեյլներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ,  ջրցան մեքենաներ․․․ Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ:  Կադրերում երեւում է, որ ավտոմեքենայի ուղղությամբ լուսաձայնային նռնակներ են թռչում, իսկ հետո այն մխրճվում է ՕՄՈՆ-ի շարքերը:  Մի քանի մարդ վրաերթի է ենթարկվել, մյուսները հասցրել են մի կողմ նետվել: Ավելի վաղ ուժայինները սկսել էին ցրել ցուցարարներին դեպի Մինսկի ծայրամասեր:

Միսնկում ձերբակալված ընդդիմադիր ցուցարարներին զանգվածաբար պառկեցրել են ասֆալտին։ Համացանցում է հայտնվել Մինսկում ոստիկանական բաժանմունքի տարածքում գետնին պառկած ձերբակալված ցուցարարների տեսանյութը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 դոլար կնվիրաբերի Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին:  Հիշեցնեմ, որ մոսկվահայ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը համայնքի կարիքների համար Կիլիկիո կաթողիկոսարանին է փոխանցել 200 հազաև դոլար, 10-հազարական էլ զոհված 13 հայերի ընտանիքներին։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին՝ ասելով, որ Բեյրութի պայթյունը տարածված կոռուպցիայի արդյունք է: Դիաբն ասել է, որ միանում է «այդ հանցագործության համար» պատասխանատու անձանց դատի տալու շարքային լիբանանցիների կոչերին: Այս հայտարարությունից հետո նա մեկնել է նախագահի նստավայր՝ հանձնելու իր հրաժարականի դիմումը։ 

Նարեկ Սամսոնյան-ոստիկաններ վիճաբանություն-բերման ենթարկում շարքի հերթական արարին են ականատես եղել ֆեյսբուքյան օգտատերերը։ Ոստիկանները կանգնեցրել են հանրային գործչի մեենան, տուգանել դիմակ չկրելու համար, ինքն էլ բաներ է հնչեցրել պարետի հասցեին, ինչը, նրա խոսքով, ասում է քաղաքացիների մեծ մասը, ինչից հետո ոստիկաններից մեկը կանգնել է նրա մեքենայի դիմաց։

Այնուհետեւ Սամսոնյանին կարմիր բերետավորները տարել են Արաբկիրի բաժին։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը փորձել է պարզել՝ ի՞նչ հիմքով է անձը զրկվում ազատությունից, նրան պարզաբանել են, որ Սամսոնյանը հրավիրվել է Ոստիկանություն։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատավարությունը  հետաձգվել է մեկ ամսով: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն է գրություն ուղարկել,  որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով նիստին չի մասնակցի: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անհարգալից վերաբերմունք եւ գործընթացի ձգձգում է  համարել փաստաբանի բացակայությունը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտարարել է, թե նման պնդումներն անթույլատրելի են: Մյուս փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշել է, որ դա իրավաբանի մոտեցում չէ՝ գնահատել այն, ինչի հանգամանքներն իրեն հայտնի չեն, նաեւ հիշեցրել, որ հենց դատարանի մեղքով են նիստերը բազմիցս հետաձգվել առանց որեւէ բացատրության:

Այս գործի քննությունն ի սկզբանե ուղեկցվում է բոլոր տեսակի խախտումներով, նիստից հետո   լրագրողներին  հայտարարել է Արամ Վարդեւանյանը: Ըստ նրա՝  քննությունն իրականացնող մարմինն է մեղավոր դատաքննության ձգձգման մեջ, որը գործի 80 հատոր է ուղարկել դատարան, ընդ որում, ինչպես քննիչն ինքն է խոստովանում՝  ընտրվել են միայն մեղադրական բնույթի նյութեր, փաստաբաններին էլ  թույլ չեն տալիս ծանոթանալ մյուս նյութերի հետ:

Ախալքալաքում կալանավորված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության եւ զենքին առնչվող մի քանի հոդվածներով։  Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին խմբակային վեճի ժամանակ, սպանվել է 27-ամյա մի երիտասարդ, ինչից հետո ավելի զանգվածային անկարգություններ են սկսվել։ Սպանվածի համագյուղացիները հրկիզել են Գաբրիելյանի հյուրանոցն ու նրա բարեկամների տները, ջարդել  մեքենաներ: Քաղաք հատուկ նշանակության ուժեր էին մտցվել։ Այս պահին իրավիճակն Ախալքալաքում կայուն է:

Վերջին շրջանում երեւանյան կամուրջների վրա ինքնասպանությունների փորձերը դարձել են գրեթե ամենօրյա երեւոյթ։ Այսօր ցերեկը  Ճգնաժամային կառավարման   կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է  նետվել Դավիթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ ու հոգեբան։ Վերջինին հաջողվել է կանխել է ինքնասպանության փորձը։

Արման Սահակյանը հեռացել է Գյումրիի «Շիրակի» նախագահի պաշտոնից,  պարզաբանելով, որ չի ցանկանում, որ իր եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի հարաբերություններն ազդեն թիմի եւ ֆեդերացիայի վրա։ «Շիրակի» նախագահ ընտրվել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը մեր լավ ընկերն է, ակումբի երկրպագու, գյումրեցի»,- ասել է Արման Սահակյանը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում «Շիրակը» կհյուրընկալվի ռումինական «Ստյաուային»։

NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Վիրաբյանը պարզաբանել է, որ ֆուտբոլի հետ կապը շատ փոքր տարիքից է եղել, Գյումրիում ֆուտբոլ է պարապել, հենց  «Շիրակի»  6 տարեկանների խմբում։ Այդ ժամանակներից սկսած ինձ համար  «Շիրակը» ընտանիքի պես մի բան է, որտեղ բոլորս  ամուր կապված ենք «Շիրակի» հետ, ասել է Վիրաբյանը, նշելով, որ ակումբի ղեկավար դառնալու առաջարկն ու որոշումը Արման Սահակյանի հետ քննարկումից հետո է կայացվել։ Պաշտոնները համատեղելու խնդիր Վիրաբյանը չի տեսնում, քանի որ հանգստյան օրերին միշտ Գյումրիում է լինում, եւ մի ոտքով միշտ այնտեղ է։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ՝ մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ  արձակուրդը Մարությանը կանցկացնի Հայաստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը Youtube-ի իր ալիքում ներկայացրել է, թե ինչպես է նշել ծննդյան տարեդարձը։ Ընտանիքի կողմից անակնկալը եղել է ուղեւորությունը Ապարանի լիճ, որտեղ նշել է Շուշանի տարեդարձը, խարույկ վառել… Շուշանը պատմել է, թե նոր վլոգ ունի, որտեղ ներկայացնելու է հետաքրքիր, արկածային և շատ տարբեր վիդեոներ

Չնայած հայտնի մտավորականների՝ ուրիշի անձնական կյանքը չքննարկելու հորդորներին, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, հիմա էլ  նրա նոր ընկերուհի Անիտա Այվազյանը, ստիպված եղան մեկական բաց նամակով դիմել շախմատի հայ հանճարի երկրպգուներին ու հայ հանրությանը։  Անիտան բանաստեղծություն է հրապարակել Լեւոնի հանգուցյալ կնոջ՝ Արիանայի հիշատակին, նշել, որ կնոջ կյանքը փրկելու համար Արոնյանը պայքարել է մինչեւ վերջ, դեղամիջոցներ է բերել տվել արտասահմանից, մոլորված եւ ընկճված է եղել։  

Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին, գրել է Անիտան:

Ես հավատացյալ չեմ, սակայն Հայաստանի վանքերում գտա աստվածային անխռովության մի շող, որը բերեցի տուն, The Daily Beast-ի իր հոդվածում գրում է Բենջամին Քեմփերը։ Ես սիրում եմ աչքերս փակել եւ պատկերացնել իմ ճանաչած ամենախաղաղ վայրերից մեկը՝ Հայաստանի լեռներում գտնվող Գեղարդի վանքը: Երբեմն ես գրեթե զգում եմ դրա ներսի օդը` զով, մաքուր եւ քաղցր՝ խնկով: Իմ շուրջը մթնշաղի մեջ մոմերն առկայծում են` կոպտորեն փորված պատերի ֆոնին՝ ծխից եւ ժամանակից սեւացած: Եթերային ներդաշնակությունները պարուրաձեւ բարձրանում են դեպի սավառնող գմբեթը, որի դիտանցքից ներթափանցում է լույսի ճառագայթը, գրել է Քեմփերը՝ աշխարհի մարդկանց հորդորելով այցելել ու բացահայտել Հայաստանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.09 դրամով ու   կազմել  485.32 դրամ:  Եվրոյի փոխարժեքն ավելացել է  2.49 դրամով ու հասել 572.14 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է  2.20 դրամով ու հասել  635.72 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքըն ավելացել է 0.07 դրամով ու կազմել է 6.66 դրամ:

Օգոստոսի 12-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Իսկ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34: