Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու Ռուսաստանի ջանքերը՝ հայտարարելով, որ պատրաստ է անձամբ մասնակցել փորձարկումներին:

Ֆիլիպինները հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն ունեն Ասիայում։ Երեքշաբթի օրը դեպքերի թիվը հասել է 139 538-ի:

«Ես կասեմ նախագահ Պուտինին, որ շատ եմ վստահում COVID-ի դեմ պայքարի համար ձեր հետազոտություններին, եւ ես կարծում եմ, որ ձեր ստեղծած պատվաստանյութը իսկապես օգտակար է մարդկության համար»,- ասել է նա:

Հասարակության մտահոգությունները ցրելու համար Դուտերտեն առաջարկել է դառնալ փորձարկվող ճագար: «Ես կարող եմ լինել առաջիններից մեկը, ում վրա նրանք կարող են փորձարկել»:

Դուտերտեն վերականգնել է խիստ մեկուսացման ռեժիմը մայրաքաղաք Մանիլայում եւ նրա շրջակայքում, քանի որ առողջապահության համակարգին «թայմ-աութ» է անհրաժեշտ՝ վարակը վերահսկողության տակ պահելու համար:

Դուտերտեն ասել է, որ զինվորականներ կուղարկի մեկուսացման ռեժիմի պահպանումը ապահովելու համար, եթե իրավիճակը վատթարանա:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ աշխարհում առաջինն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցել: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ Երկրի առաջին արհեստական արբանյակի նմանությամբ: Դեղամիջոցը մշակվել է Ն․ Ֆ․ Գամալեյի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնում: