Բելառուսի Քննչական կոմիտեն հաստատել է օգոստոսի 11-ին Մինսկում Ռուսաստանի քաղաքացիներ Արտյոմ Վաժենկովի եւ Իգոր Ռոգովի ձերբակալությունը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Այս քաղաքացիները ձերբակալվել էին Մինսկում օգոստոսի 11-ին ժամը 2.00-ին «ՌԻԳԱ» սուպերմարկետի տարածքում` ալկոհոլային հարբեցության նշաններով»,- հայտնել են Քննչական կոմիտեից:

Հաղորդվում է, որ նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի երկրորդ մասով (մասնակցություն զանգվածային անկարգություններին):
Օպերատիվ նկարահանման կադրերում երեւում է, թե ինչպես են Վաժենկովը եւ Ռոգովն ասում, որ  Մինսկ են ժամանել օգոստոսի 8-ին «զբոսաշրջային նպատակներով»:

Սակայն, ինչպես նշում է ԲԵԼՏԱ-ն, նախօրեին ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Արտյոմ Վաժենկովը եւ Իգոր Ռոգովը «Բաց Ռուսաստան» կազմակերպության համակարգողներն են: Նրանք, իբր, եկել էին Բելառուս ընտրություններին հետեւելու նպատակով` առանց դրա համար հավատարմագիր ունենալով: