Մոնղոլիայում բուբոնային ժանտախտից մահվան եւս մեկ դեպք է գրանցվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

42-ամյա տղամարդը մահացել է երեքշաբթի երեկոյան Մոնղոլիայի արեւմտյան Հովդ նահանգում: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դորժիյնա Նարանգերելի խոսքով` հայտնի է, որ մահից կարճ ժամանակ առաջ տղամարդն արջամկան միս էր գնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ բուբոնային ժանտախտը հաստատվել էր Ներքին Մոնղոլիայի Բայան-Նուր քաղաքի անասնապահների շրջանում: Բացի այդ, ժանտախտը հայտնաբերվել էր Մոնղոլիայի արեւմտյան շրջանում, որը սահմանակից է Ալթայի հանրապետությանը: Հիվանդացել էր երկու մարդ: Ուլան Բատորում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոնղոլիայի իշխանություններն անհապաղ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել եւ անհանգստանալու պատճառ չկա:

Հաղորդվել էր բուբոնային ժանտախտի հետեւանքով 15-ամյա պատանու մահվան մասին Գով-Ալթայ նահանգում: Դեռահասը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Պարզվել էր, որ նրա մահից երեք օր առաջ իր ընկերների հետ արջամուկ էր կերել: