Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, ապա մենք կարող ենք համարել, որ գործնականում մենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ իմաստ ունի՝ մենք հետագծենք մեր գործողությունները կապված կորոնավիրուսի հետ։ Ապրիլ ամսին երբ մենք գործնականում 2 ամսվա խիստ սահմանափակումների ռեժիմում էր ապրում երկիրը, մենք 2 բան արձանագրեցինք. առաջինը՝ սոցիալական եւ տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են եւ մյուս կողմից տեսնում էինք՝ ինչքան էլ երեւացող հատվածներում կամ առերեւույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր է լինում պահել, ամբողջ Հանրապետության տարածքում, մասնավորապես, ոչ շատ տեսանելի հատվածներում տեսնում ենք, որ կանոնները ոչ մի կերպ չեն պահում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ ապրիլ-մայիս ամիսներին կորոնավիրուսի թվերը բարձրացել էին, որովհետեւ իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում այս խնդիրները կարգավորելու համար։

«Մենք այս խնդիրը հիմա արմատապես լուծելու շանս ենք ստացել։ Ուզում եմ ընդգծել Ոստիկանության շատ կոշտ աշխատանքը։ Այսօր այս թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք։ Սա նշանակում է, որ ուղերձը՝ թվերի նվազման մասին մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում։ Եթե մենք այս իրավիճակը ճիշտ չգնահատենք, մենք էլի կարող ենք հետ գլորվել։ Մենք այսօր ունենք շանս՝ այս խնդիրն արմատապես լուծելու համար։ Մենք շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին ուրիշ վիճակում։ Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, ապա մենք կարող ենք համարել, որ գործնականում մենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ պատրաստվում են սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը բացել, եւ, ըստ վարչապետի՝ այդտեղ անխուսափելիորեն որոշակի թվերի աճ լինելու է։

«Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրությունը»,- ասաց Փաշինյանը։